ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պետք է դադարեն սպառնալ միմյանց. Ռասմուսեն


18:16 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի համար ամենակարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ հարաբերություններն են, սակայն դրանց ներուժը նախկինի պես չի օգտագործվում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին:

«Մեր առջև կանգնած է հստակ ընտրություն` սառը, պաշտոնական համագործակցություն կամ կառուցողական ներգրավվածություն ստեղծելու, ռազմավարական գործընկերությունը շարունակելու ձգտում»,- ասել է նա:


Նա նշել է, որ Ռուսաստանն աջակցում է ՆԱՏՕ-ի գործողությանն Աֆղանստանում, բացի այդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցում: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել մի շարք կարևոր հարցերի շուրջ տարակարծության կապակցությամբ: Նա նշել է, որ խոսքը մասնավորապես ՀՀՊ-ի, սպառազինման որոշակի համակարգերի տեղակայման մասին է:

«Մեզանից ոչ ոք չի ցանկանում վերականգնել անցյալի թշնամանքը, այդ պատճառով եկեք հրաժարվենք անցյալի ձևակերպումներն օգտագործելուց: Մենք պետք է դադարենք սպառնալ միմյանց և առաջ շարժվենք»,- ընդգծել է Ռասմուսենը:

Ռասմուսենն անդրադարձել է նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ունի տարբեր դաշինքներին և պայմանագրերին անդամակցելու իրավունք և հավելել, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու սեփական ուղին: