Էլեկտրաէներգիայի թանկացումը ոռոգման ջրի գնի վրա չի ազդի. Անդրանիկ Անդրեասյանը՝ ջրի դեֆիցիտի և ոլորտի խնդիրների մասին


17:56 , 1 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհրդի նախագահների, գործադիր տնօրենների և հողագործ-ջրօգտագործողների սեմինար-խորհրդակցության ժամանակ Տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը մի խումբ լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրեց, որ ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ ոռոգման ջրի սակագինը հանրապետությունում չի բարձրանա: Վերջինս խոսեց նաև ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև ջրօգտագործող ընկերությունների գործունեության մասին:

-Ոռոգման ջրի համակարգում նախորդ տարին ինչպես եք գնահատում, ի՞նչ խնդիրներ կային:

-Ցավոք սրտի, ջրի դեֆիցիտ ունեցանք հիմնականում Արարատյան դաշտում՝ մի շարք պատճառներից ելնելով: Այն լրացվեց հիմնականում մեխանիկական համակարգով, բայց դա վերջնական հարցի լուծում չէ, որովհետև լարվածությունը հիմնականում մնաց, ջրամբարներն ամբողջությամբ ջրով չլցվեցին և մենք բավականին լարված տարի ունեցանք:

Դրա համար այս տարի բավականին երկար քննարկելուց հետո եկանք այն եզրակացության, որ որոշակի խնդիրներ դեռևս մնալու են, այսօր 10.000 հա-ի ոռոգման խնդիր ունենք, որից 8.000–ը փորձում ենք լուծել Սևանի ջրերի միջոցով:

-44% ջրի կորուստ է գրանցվել 2013թ.-ին, ինչո՞վ եք պայմանավորում:

Հիմնական ջրանցքները կազմում են շուրջ 3.000 կմ. այդքան տարածություն բաց ջրագծով ջրի տեղափոխումն օբյեկտիվ թերություններ ունի: Մեր գնահատականներով՝ դա շուրջ քսան, երեսուն, տոկոս է կազմում: Հսկայական ներդրումային ծրագրեր են նոր սկսել, և կորուստներն առաջիկա տարիներին կնվազեն: Իհարկե, ունենք նաև ոչ արդար կորուստներ, որոնց դեմ ամեն տարի քայլեր ենք ձեռնարկում: Չեմ կարծում, որ դա մեկ տարվա գործընթաց է, բայց այսօր կարող ենք ասել, որ հարյուր տոկոսով պայմանագրային հարաբերություններ ունենք ջրօգտագործողների հետ: Եթե առանձին դեպքեր կարողանանք գտնել, կլինի արտառոց դեպք:

-Էլեկտրաէներգիայի թանկացումը որքանո՞վ կանդրադառնա ջրի սակագնի վրա:

-Սակագնի որևէ փոփոխություն տեղի չի ունենալու համակարգում ընթացիկ տարում, որոշակի փոխհատուցում պետությունը տվել է համակարգին՝ էներգիայի թանկացումը փոխհատուցելու համար: Բայց պետք է ասեմ, որ էներգիան մեր ծախսային համակարգում ամենածախսատարն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն մաքսիմում խնայողաբար օգտագործենք. ծախսերի մեջ էներգիան երեսուն, քառասուն տոկոս է կազմում:

Պետությունը հսկայական միջոցներով սուբսիդավորում է ներկայիս վարձավճարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ