18:30 , 1 փետրվար, 201437 տարի առաջ, երբ Փայենգը սկսեց ծառեր տնկել, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Փայենգի ջանքերով մի ամբողջ անտառ էր ստեղծվելու: Ամեն ինչ սկսեց մի երազանքից, որ Փայենգը փայփայում էր 1979 թ.-ին: Նա երազում էր անջրդի հողերի վրա ծառեր տնկել, որպեսզի կենդանիները և թռչունները կարողանային բնակություն հաստատել իր մշակած ծառաշատ վայրում: Այդ ժամանակ երիտասարդ Ջադավ Փայենգը, ով Ասսամի Ջորհեթ շրջանից էր, սկսեց անմշակ հողերի վրա ծառեր տնկել: Տասնամյակներ անց այս վայրը վերածվեց 550 հեկտար տարածության վրա սփռված փարթամ անտառի: Այստեղ բնակվում էին փղեր, վագրեր, ռնգեղջյուրներ և եղնիկներ: Ներկայումս նա ծառեր է տնկում այս անտառին կից 150 հեկտարանոց հողատարածքի վրա: Բարձր գնահատելով Փայենգի ներդրած ջանքերը՝ Ասսամի կառավարությունը Փայենգի ստեղծած անտառը կոչել է նրա պատվին՝ Մուլայ Խաթունի Բարի անտառ (Փայենգի մականունը Մուլայ է): 2012 թ.-ին Հնդկաստանի գլխավոր կրթօջախը՝ Ջավահարլալ Ներուի համալսարանը, Փայենգին հռչակեց «Հնդկաստանի անտառային մարդ»: Փայենգը բազում խոչընդոտների է հանդիպել անջրդի հողերի կանաչապատման ընթացքում: Այն տարին, երբ նա սկսեց ծառեր տնկել, Ասսամում առատ տեղումներ գրանցվեցին: Փայենգն առաջին ծառը տնկեց 1979 թ.-ին՝ մի գետամերձ կղզում: Երբ հեղեղները սկսեցին, նա հարյուրավոր մեռած օձեր տեսավ գետափին: Նա հասկացավ, որ ջուրը քշում-տանում էր հողի վերին շերտը, ծառերն արմատախիլ էին լինում, իսկ կենդանիները մոլորվում կամ մեռնում էին: Փայենգը հիշում է.
«Ես հասկանում էի, թե ինչպես է էկոհամակարգը շարունակում վնասվել»:
Ժամանակի ընթացքում նա գիտակցեց, որ չվող թռչունների հոսքը աստիճանաբար կենտրոնանում է անտառային վայրերում և իր տան մոտակայքի ճահճուտներում և ոչ թե այն կղզում, որը նա մշակում էր: Այս հանգամանքն անհանգստացնում էր նրան: Գյուղի հնաբնակներն ասացին նրան, որ անտառահատման պատճառով կենդանիները կորցրել են իրենց բնակավայրերը:
«Գյուղի ավագ բնակիչներն ինձ մի քանի հնդկեղեգ տվեցին և ասացին, որ տնկեմ դրանք»,- վերհիշում է Փայենգը:

Նա Բրահմապուտրա գետի մոտակայքի կղզում 34 տարի շարունակ օրը մի, երբեմն էլ մի քանի տնկի էր տնկում: Փայենգը հարցազրույցներից մեկում ասել է.
-Կղզին մոտ էր իմ տանը: Ես սկսեցի մշակի գործունեությունս՝ հնդկեղեգ և այլ ոչ այնքան կարևոր բույսեր տնկելով: Ես միայն վերջին 15 տարիների ընթացքում եմ սկսել այնպիսի կարևոր ու արժեքավոր ծառեր տնկել, ինչպիսին է, օրինակ, սաճը:
Բույսերն ու տնկիները ջրելը բավականին բարդ խնդիր էր: Փայենգը չէր կարող ջուր բերել գետից և ջրել բոլոր ծառերը, քանի որ կղզին ընդարձակ էր և չափազանց դժվար էր միայնակ ոռոգել կղզու տարածքը, սակայն նա չէր հանձնվում: Նա տերմիտներ (սպիտակ միջատ), մրջյուններ և անձրևաորդեր բաց թողեց կղզում, որպեսզի վերջիններս բերրի դարձնեին հողը: Փայենգն ասել է.
- Տերմիտներն ու մրջյունները նպաստում են, որ հողն ավելի բերքատու դառնա: Նրանք սողոսկում են չոր ու քարքարոտ մակերեսների մեջ՝ նպաստելով, որպեսզի հողը կակուղ դառնա ու ավելի հեշտությամբ հերկվի:
Միջատներն այնպիսի ֆերմենտներ են արտազատում, որոնք նպաստում են հողի որակի բարելավմանը: Երբ Փայենգի մշակած անտառային տարածքները սկսեցին ընդարձակվել, դրանք նոր խնդիրներ առաջացրին գյուղացիների համար: Անտառի փղերը հասնում էին մինչև անտառի հարակից գյուղերը ու վնաս էին հասցնում բերքին, իսկ վագրերը որսում էին գյուղացիների փասիաններին: Զայրացած գյուղացիները սպառնում էին վերացնել Փայենգի անտառը, քանի որ այնտեղ բնակվող կենդանիները վտանգ էին ներկայացնում գյուղացիների բերքի և կյանքի համար: Փայենգը սկսեց ավելի շատ ծառեր տնկել, հատկապես բանանի ծառեր: Փղերը շատ էին սիրում սնվել բանանով: Քանի որ նրանք արդեն կարողանում էին բավականաչափ սնունդ գտնել անտառում, նրանք սնունդ հայթայթելու համար այլևս դուրս չէին գալիս գյուղերը: Փայենգի ջանքերով, անտառում շուտով բնակություն հաստատեցին եղնիկները: Վագրերն էլ, գյուղացիների թռչուններին թողած, սկսեցին եղնիկներին որսալ: Անջրդի հողերը կանաչապատելու և փարթամ անտառների վերածելու տարերքի շնորհիվ՝ Փայենգն իր ընտանիքի անդամներին ապահովեց ֆերմերի աշխատանքով: Նրանք ներկայումս անասուններ են պահում և անասունների կաթը վաճառում գյուղացիներին: Այս կերպ նրանք հոգում են իրենց օրվա ապրուստը: Ներկայումս Փայենգը ծրագրում է կանաչապատել Բրահմապուտրայի մոտի կղզիներից ևս մի քանիսը: Ասսամի կառավարությունը, ակադեմիկոսները և Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամը բարձր են գնահատել Փայենգի ջանքերը: