13:59 , 1 փետրվար, 2014
Regnum-ը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ըստ էության, չի հերքել, որ Հայաստանը ձեռք է բերել/2014 թվականին ձեռք կբերի Икандер-М մարտավարական հրթիռային համալիր: Նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանը արդեն մի քանի տարի է ակտիվորեն զինվում է նման սպառազինությամբ, ու պլանավորված է այս տարի ավարտի հասցնել հրթիռային սպառազինության գնումների ծրագիրը:
Եթե մենք իրոք ձեռք ենք բերել Իսկանդերներ՝ դա իրոք շատ լուրջ նորություն է ու առնվազն մի քանի տարով կսառեցնի Ադրբեջանի ռազմատենչությունը, և մեզ կդարձնի ամենաուժեղ հարվածային պոտենցիալ ունեցող երկիրը Անդրկովկասում: Իսկանդերների առանձնահատկությունը նրանում է, որ ունենալով բավականին մեծ հեռահարություն, հզորություն ու ճշգրտություն, այն նաև շատ դժվար խոցելի թիրախ է ՀՕՊ միջոցների համար, որովհետև Իսկանդերի հրթիռները հեռակառավարում են թռիչքի ողջ ընթացքում և բալիստիկ ուղեծրով չեն շարժվում դեպի նշանակետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ցանկացած պահի մեծ հավանականությամբ կարող է խոցել Ադրբեջանի ՑԱՆԿԱՑԱԾ կետում գտնվող կարևորագույն ռազմավարական օբյեկտներ:
Իսկանդերի մարտական կիրառության ամենավառ ու արդիական օրինակը ռուս-վրացական պատերազմի ժամանակ է եղել: Վրացիները առաջին մի քանի օրերին ռուսական ավիացիայի հերն անիծում էին իրենց ՀՕՊ-ով, և սա տևեց այնքան ժամանակ, մինչև ռուսները չվերացրեցին վրացական ՀՕՊ համակարգի աչքեր ծառայող երկու ռադարները, որոնք, բնականաբար, ուժեղ պահպանվում էին ու գտնվում էին ռազմաճակատից հեռու: Այդ երկու ռադարներից մեկը խոցվել է հենց Իսկանդերով...
Իհարկե, լավ կլիներ, որ ապրեինք մի իրականությունում, որտեղ կարիք չլիներ միլիոնավոր դոլարներ ծախսել մահաբեր գնումների վրա, բայց, ցավոք, մեր իրականությունն այլ է և այն կայանում է նրանում, որ ժամանակակից ու գերժամանակակից զենք ունենալը ոչ թե ինքնանպատակ է, այլ կենսական անհրաժեշտություն: