13:39 , 1 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով տրանսպորտի որակից՝ ասաց, որ քաղաքային իշխանությունն այս ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարում. «Այս ուղղությամբ չի աշխատում նաև Երևանի ավագանին, խուսափում է մասնակցել բանավեճերին»:
Նրա հավաստմամբ՝ մեկ բառով տրանսպորտի վիճակը կարելի է որակել անորակ և այդ վիճակը փոխելու համար ոչինչ չի արվում:
Արմեն Պողոսյանը տրանսպորտի հարցը լուծելու համար առաջարկում է ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն, որի շնորհիվ հնարավոր կլինի տրանսպորտային գծերի կեսը տալ քաղաքապետարանին, մյուս կեսը մնա շահագործողներին. «Եթե ամբողջ տրանսպորտը կենտրոնացվի, վնասով ու օգուտով աշխատողները կկոմպենսացվեն»:
Նա առաջարկում է նաև վերականգնել տրամվայը, տրոլեյբուսներ բերել, մետրոյի աշխատանքին զարկ տալ, որպեսզի մարդիկ այլընտրանքի հնարավորություն ունենան, այլ ոչ թե տրանսպորտի վատ աշխատանքի պայմաններում ստիպված լինեն հավելյալ գումարներ ծախսել և տաքսիներով երթևեկել:
Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, ապա նա հավատացած է, որ նման բան չի լինի. «Ես կարծում եմ, որ տրանսպորտի թանկացման նախաձեռնությունը կմեռնի, որովհետև յուրաքանչյուր պահի երիտասարդները պատրաստ են պայքարել, օրինակ՝ անցած ամառվա դիմադրությունը»:
Բանախոսի դիտարկմամբ՝ տրանսպորտը չթանկացնելը դեռևս չի նշանակում, որ պետք է անորակ տրանսպորտային միջոցներից օգտվենք. «Պետք է պայքարենք, որպեսզի սպասարկան որակը բարձրացնեն, միայն գինը չբարձրացնելով հարց չի լուծվում»: