Գեղեցիկ սիմֆոնիա, որտեղ երաժշտական գործիքները հեծանիվի մասերն են


11:35 , 1 փետրվար, 2014

Ի՞նչ է փոխվում նրանից, որ Յո-Յո Ման նվագում է 2.5 միլիոն դոլար արժողությամբ թավջութակով, որը 1733թ.-ի գործիք է՝ ստեղծված վենետիկյան վարպետ Դոմենիկո Մոնտագնանայի ձեռքով: Գեղեցիկ երաժշտությունը չի՞ կարող հնչել ավելի համեստ ծագում ունեցող երաժշտական գործիքներից:

Երաժիշտ Ֆլիփ Բեյբերը, ով համացանցում ավելի շատ հայտնի է որպես Ջոնիրենդոմ (Johnnyrandom), ոգեշնչվում է այնպիսի երաժշտական գործիքներից, որ ձեր մտքով երբեք անգամ չէր անցնի, թե դրանք երբևէ կարող են օգտագործվել որպես երաժշտական գործիք: Նրա վերջին ստեղծագործությունը, որը կոչվում է «Bespoken», ստեղծված է սովորական հեծանիվի միջոցով: Բեյբերը երաժշտությունը ստեղծելիս օգտագործում է հեծանիվի մասերն ու տարբեր երաժշտական գործիքների ձայներ ստանում` բաս կիթառ, հարվածային գործիքներ, իսկ հեծանիվի լարերով նա գեղեցիկ ներդաշնակ հնչյուններ է ավելացնում ու հետաքրքիր գեղեցիկ գործիքավորում ստանում: 

Համացանցում վերբեռնած «Bespoken» սինգլի ներկայացման նրա երաժշտական հոլովակում նա նշում է, որ հիշում է՝ երբ առաջին անգամ հեծանիվ էր վարում ու զգում ազատությունը, դրա ձայնը ասոցացնում էր երաժշտական զգացողությունների հետ, ու որպես երաժիշտ ցանկացել է ֆիքսել այդ ամենը` օգտագործելով հենց հեծանիվի մասերը: Նա նշում է, թե երաժշտության միջոցով ցանկանում է փոխել մարդկանց վերաբերմունքը իրենց շրջապատի նկատմամբ ու հույս է հայտնում, որ նրա աշխատանքը կոգեշնչի մյուսներին` իրենց շրջապատող ամենօրյա առարկաներին դիտել հետաքրքրասիրությամբ ու երևակայել:

Բեյբերը անկեղծացել է, որ մանրակրկիտ աշխատանք է կատարվել, որպեսզի արտասանած բառերն ու երաժշտությունը լինեին ներդաշնակ ու նույն տոնայնության վրա: Նա նշել է, որ առաջին անգամ նրանից մեկ ժամ է պահանջվել մեկ նոտա ձայնագրելու համար:

Բեյբերն ավարտել է Քալարթս և Բեքլի երաժշտական քոլեջներն ու ստեղծել իր ստուդիան, որտեղ նա երաժշտություն է ստանում ոչ ավանդական «երաժշտական գործիքներից»: Մինչև նրա վերջին սինգլը, Ջոնիրենդոմը երբեք բավարարված չի եղել աշխատանքի վերջնական արդյունքից` նշելով, որ միշտ ինչ-որ բան պակասել է, ու թերացել ձայնագրման որակի առումով, սակայն «Bespoken»-ի արդյունքը հենց այն է, ինչ նա ցանկանում էր ստանալ: 


Ջոնիրենդոմին կարող եք հետևել նաև նրա պաշտոնական կայքէջում: