10:09 , 1 փետրվար, 2014
Մեկ ամիս էլ անցավ:
Հայաստանում երկու հոգի կան, որ առանձնացել են ու իրար հետ փորձում են հարցեր լուծել: Մեկը Պարույր Հայրիկյանն է, մյուսը՝ Վարդան Սեդրակյանը: Հայրիկյանը միշտ էլ կողմ է եղել, որ Սեդրակյանը տուն գնա ու զարմանում է, թե ինչո՞ւ դատարանը 12-ի տեղը 14 տարով պատժեց Վարդանին: Մի խոսքով, մի 200 տարի հետո, որ Հայրիկյանի կանխագուշակածով իր մահափորձի մասին խոսեն մարդիկ, ինչ-որ գրող ժողովրդական խոսքերից նոր էպոս կամ առասպել կգրի:
Օ, աստվածներ, վարչապետը նոր անձնագիր ունի: Սա ի՞նչ է նշանակում, որ նրան հիմա շատ արագ կարո՞ղ են իդենտիֆիկացնել: Նա օրինակ ծառայեց, իմ կարծիքով, հիմա բոլորս պետք է վազենք դեպի անձնագրային բաժանմունք: Հեսա, որ կուտակային ֆոնդին իր կուտակումներն էլ ուղարկի, ՍԴ-ին պետք է խնդրենք, որ չկասեցնի կուտակայինի ոչ մի դրույթ:
Ինչ-որ ադրբեջանական ընտանիք մեզանից ապաստարան է խնդրել: Մենք, եթե նրանց ապաստարան տրամադրենք, դա կնշանակի, որ մենք մարդասիրական ձեռք ենք մեկնում անգամ վերջին դեպքերից հետո: Սա լուրջ միջազգային հարված կլինի Ադրբեջանի հեղինակությանը:
Շնորհավորում եմ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներին. այնտեղ ՏԻՄ ընտրություններ են լինելու: Դա նշանակում է, որ դուք լսելու եք բազմաթիվ խոստումներ, ձեր կյանքը մի ամիս կդառնա հիանալի և գուցե տեղ-տեղ ասֆալտապատվի: