09:08 , 1 փետրվար, 2014
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանում սխալ և անարդար բաները շատ են։ Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են։ Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը և բնակչության մեծ մասը։ Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»։ Դա, իմ կարծիքով, պատրանք է։
Եթե ինչ-որ բան ինձ չի պատկանում, ինչպե՞ս ես կարող եմ վստահ լինել, որ դրա իրական տերը մի օր որոշում չի կայացնի՝ այդ բանը ուրիշին հանձնելու։ Եթե Ղարաբաղի հարցը իրականում Ռուսաստանի հարցն է, ինչպես կարծում է Զորի Բալայանը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Ռուսաստանը ինչ-որ պահի, իր շահերից ելնելով, մեր հայրենիքի այդ մասը չի փոխանցի Ադրբեջանին։ Երբ ժամանակին մենք մեր խնդիրները լուծելու իրավասությունը տվեցինք Կրեմլում նստած բոլշևիկներին, նրանք նպատակահարմար գտան Կարսն ու Արդահանը հանձնել Թուրքիային, իսկ նույն Ղարաբաղն ու Նախիջևանը՝ Ադրբեջանին։
Մեղադրել դրա համար «ռուսներին» անարդար է՝ նախևառաջ այն պատճառով, որ Կրեմլում ոչ միայն ազգությամբ ռուսներ էին նստած, այլև հրեաներ, հայեր, ինչպես նաև մի վրացի, որի չարագործություններն, ի դեպ, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ջանասիրաբար փորձում է արդարացնել՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց զգացմունքները։ Այն տարիներին Կրեմլում նստած մարդկանց մեդադրելը նույնպես անիմաստ էր՝ նրանք իրականացնում էին իրենց երկրի քաղաքականությունը։ Պետք է մեղադրել Հայաստանում այն ժամանակ ապրող և հատկապես իշխող հայերին, որոնք հանձնեցին իրենց երկիրը Կրեմլին՝ որպես «անվտանգության երաշխավորի»»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։