Զեկույցում բարձրացված են հարցեր, որոնք միանշանակ պատասխաններ են պահանջում


16:11 , 31 հունվար, 2014

Իմ ելույթը ԵԽԽՎ-ում «Միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը մարդու իրավունքների խախտումների համար» զեկույցի կապակցությամբ՝ կրկին ԵԺԿ-ի անունից:
Հարգելի′ գործընկերներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին այս հիանալի զեկույցի համար և ասել, որ ԵԺԿ աջակցում է զեկույցը: Եվ սրանք ուղղակի բառեր չեն: Զեկույցի նպատակն է մեր ուշադրությունը հրավիրել շատ կարևոր և վիճահարույց հարցի վրա՝ միաժամանակ բավարար տեղեկատվություն տալով այս հարցի քննարկման համար:
Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների պատասխանատվության հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել, սակայն այս զեկույցը կարելի է անվանել հեղափոխական, քանի որ նրանում բարձրացված են հարցեր, որոնք միանշանակ պատասխաններ են պահանջում: Սա մեկ քայլ առաջ է բոլոր քննարկումներից, որոնք եղել են մինչ օրս: 
Առաջին միջազգային կազմակերպությունների ստեղծումից ի վեր դրանց դերը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Միջազգային կազմակերպությունների բացարձակ անձեռնմխելիության հիմքում ընկած է գործառույթային անհրաժեշտությունը, քանի որ ստեղծման սկզբնական շրջանում նրանք չունեին այն ուժը, որն ունեն հիմա: Այդ կազմակերպություններին բացարձակ անձեռնմխելիությամբ օժտելը նպատակ էր հետապնդում ապահովել նրանց կայացումը, նպատակների իրագործումը ու որոշումների կատարումը: Բայց, այժմ միջազգային կազմակերպությունները միջազգային հարաբերությունների հիմնական մասնակիներից են, ունեն ուժ, իրավունքներ և արտոնություններ, նրանց գործողություններն ու որոշումները ուղղակի ազդեցություն ունեն այլոց իրավունքների և ազատությունների վրա, նրանք անուղղակիորեն տնօրինում են իրենց անդամ պետությունների իշխանությունն ու զինված ուժերը, բայց միաժամանակ նրանք պատասխանատու, կամ ավելի ճիշտ հաշվետու չեն իրենց գործողությունների արդյունքում մարդու իրավունքների ոտնահարման համար:
Թեև, ինչպես նշված է զեկույցում դատական պրակտիկան, որի հիմքում ընկած են Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական արդարադատության դատարանի որոշումները, դեմ է միջազգային կազմակերպություններին անձեռնմխելիությունից զրկելուն անգամ jus cogens նորմերի խախտման դեպքում, Միջազգային իրավունքի ասոցիացիայի և Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից կատարված տեսական աշխատանքը մեկ քայլ առաջ է միջազգային կազմակերպություններին բացարձակ անձեռնմխելիությունից զրկելու առումով:
Համաձայն եմ հեղինակի հետ, որ գործառույթային անձեռնմխելիության պատշաճ կիրառման դեպքում այն կարող է դառնալ միջոց անձեռնմխելիության չարաշահման դեմ՝ հնարավորություն ընձեռելով անհատներին պաշտպանել իրենց իրավունքներն ու ազատությունները: Միաժամանակ, անձեռնմխելիությունից զրկելու պայմանները պետք է լինեն հստակ ամրագրված և սահմանափակ, որպեսզի բացառեն միջազգային կազմակերպությունների վրա ճնշում գործադրելն և այլ չարաշահումները, որոնք կարող են խոչընդոտել իրենց նպատակների իրագործմանը:
Հարգելի գործընկերներ,
Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել զեկույցում տեղ գտած առաջարկին, ըստ որի, միջազգային կազմակերպությունները պետք է լինեն այն սուբյեկտների ցանկում, որոնց դեմ հնարավոր է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս քայլը կարող է վճռական թվալ, բայց եթե մենք չգործենք, ապա չենք տեսնի արդյունքները: 
Ինչպես նշել է Եվրոպական դատարանը իր՝ Beer, Regan, Waite և Kennedy-ին ընդդեմ Գերմանիայի գործում, ողջամիտ այլընտրանքային միջոցներ պետք է հասանելի լինեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանության համար: Եթե անգամ ոչ դատական պաշտպանությունը, ապա այլընտրանքային միջոցները, օրինակ պարտադիր արբիտրաժը կամ մարդու իրավունքների խախտման դեպքում փոխհատուցում պահանջելու այլ մեխանիզմներ պետք է հասանելի լինեն ցանկացած իրավական համակարգում և ցանկացած սուբյեկտի դեմ:
Չպետք է մի ոլորտ լինի, որտեղ իրավունքը անզոր լինի, որտեղ մարդու արժանապատվությունը և այլ հիմնական իրավունքները կարող են անտեսվել: 

Շնորհակալություն ուշադրության համար: