17:32 , 23 հունիս, 2012
Հասարակությունը նման է կենդանի օրգանիզմի և ունի առողջության կամ վատառողջության որոշակի ինդիկատորներ, իմմունային համակարգ, վիրուսներ և այլն։ Ինչպես օրգանիզմում են առկա տարբեր մասնիկներ, որոնք վնասում են կամ օգնում են դրա գործունեությանը, այնպես էլ հասարակությունն ունի այդպիսի մասնիկներ։ Եթե դիտարկում ենք հասարակության քաղաքական շերտը, ապա առողջ հասարակության մեջ օրգանիզմի պահապան լեյկոցիտների դերը խաղում է ընդդիմությունը, որը պայքարում է ախտածին բակտերիաների ու վիրուսների դեմ՝ ի դեմս իշխանության արատավոր երևույթների ու անձնաց։
Բայց արի ու տես, որ մեր հասարակությունում ամեն ինչ այնպես է խեղաթյուրված, որ հաճախ լեյկոցիտ-ընդդիմությունը ավելի վնասակար է
դառնում, քան ախտածին-իշխանական էլեմենտները։ Մասնավորապես, կարելի է արձանագրել, որ մեր ընդդիմությունը ի սպառ զուրկ է կառուցողականությունից։ Վերադառնալով օրգանիզմ-հասարակություն համադրությանը, կարելի է առկա իրավիճակը բնութագրել հետևյալ կերպ։ Երբ ախտահարված է օրգանիզմի ինչ որ մի մաս, օրգանիզմի իմմունային համակարգը մոբիլիզացնում է իր ռեսուրսները և լեյկոցիտները սկսում են պայքարել վիրուսերի ու բակտերինաերի դեմ։ Պայքարի արդյունքում մահացած լեյկոցիտները կուտակումից առաջանում են դառնում են թարախային գոյացումներ ու եթե դրանք չեն հեռացվում օրգանիզմից, ապա կուտակված թարախն ինքն է դառնում ավելի վնասակար օրգանիզմի համար քան բակտերինաերն ու վիրուսները։
Հիմա, մեր ընդդիմության գործունեության մեջ ես ավելի շատ նկատում եմ ապակառուցողական էլեմենտներ, որովհետև հատկապես հասարակության կենսունակության հարցում առանցքային դեր ունեցող հարցերում ընդդիմությունը իր ջանքերը ուղղում է ոչ թե առկա խնդիրները լուծելուն, այլ դրանք ավելի խորացնելուն ու ժողովրդին ավելի գազազացնելուն։ Ասել է թե, տեսեք-տեսեք, ինչ ահավոր պայմաններում ենք ապրում, ինչ վատ է ամեն ինչ, ինչ անհույս է ամեն ինչ, բայց ոչ մի գործ այդ «վատը» ուղղելուն։ Ու հենց սա էլ արդեն բերում է քաղաքական թարախի կուտակմանը, որը սկսում է ախտահարել արդեն հասարակական այլ օրգաններ, որոնք մինչ այդ հարաբերականորեն ավելի առողջ են։
Պետք է մենք գիտակցենք սա, կոնկրետ հետևություններ անենք, ընդ որում, թե´ շարքային քաղաքացու մակարդակով, թե´ ընդդիմության մակարդակով, թե´ իշխանության մակարդակով, որովհետև հակառակ դեպքում մեզ սպասվում է երկու հավանական այլընտրանք՝ օրգանիզմի մահ, կամ էլ արտաքին «բժշկական միջամտություն», որն ըստ ամենայնի եթե «փրկի» էլ օրգանիզմը, կթողնի այն հաշմանդամ վիճակում, իսկ կենսագործունեությունը կապահովվի օտարածին էլեմենտների միջոցով։ Արդյո՞ք մենք սա ենք ուզում…