Բանակ ունենալը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ`սուր անհրաժեշտություն


14:24 , 28 հունվար, 2014

Էսօր բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն ա: Չեմ ուզում պաթետիկ շնորհավորանքներ ու ինչ-որ վերացական բաներ ասեմ: Խոսենք չոր ու փաստարկված: Ըստ իս, բանակը արդյունավետորեն կատարում է իր առջև դրված խնդիրը, ընդ որում, տարեցտարի էդ գործընթացի ՕԳԳ-ն ավելի ա բարձրանում:
Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կարող են չարախնդությաամբ մոտենալ այս պնդմանը, բայց փաստը մնում ա փաստ: Հետադարձ հայացք գցելով բանակի վրա ու համեմատելով այսօրվա մեր բանակը, ոչ թե անցած տարվա, այլ ասենք 5 տարի վաղեմության, 10 տարվա վաղեմության և ավելի հին օրերի հետ:
Խոսենք կարևոր նշաննների մասին, որոնք հստակ ինդիկատորներ են հանդիսանում, որ բացի սահմանը պահելուց, բանակը ինքնակատարելագործվում է.

- 22 տարվա մեջ բանակը շեշտակի ավելացրել է թե իր քանակը, թե իր որակը:

- 22 տարվա մեջ Հայաստանում վերջապես կայացել է սպայական ինստիտուտը` հատկապես միջին ու ստորին օղակները:

- 22 տարվա մեջ զինծառայություն են անցել տասնյակ հազարավոր տղաներ ու այսօր, եթե Աստված չանի պատերազմ սկսի, ոչ որսորդական հրացանի հույսին ենք մնալու, ոչ էլ ինչ-որ բանվոր-գյուղացիական բանակ ենք դաշտ հանելու:

- 22 տարվա մեջ ծառայության միջով` անցածների ճնշող մեծամասնությունը ջերմությամբ է հիշում իր ծառայությունը` անկախ եղած բարդություններից ու անախորժություններից, իսկ ամեն նոր զորակոչ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում:

- 22 տարվա մեջ աստիճանաբար նվազել են ու շարունակում են նվազել ոչ կանոնադրական, գողական ու թաղային հարաբերությունները՝ աստիճանաբար տեղները զիջելով նորմալ ուստավին: Ասածիս վառ օրինակը կարող է լինել այն, որ չաստ նայող հասկացությունը ի սպառ է վերացվել, զինվորների ուժերով կառուցվող թաչաները ու դրամաշորթությունները` ևս, սերժանտ լինելը էլ մոմենտ չի, ու որ ամենակարևորն ա` 2013 թվականին գրանցվել է զոհերի ամենացածր ցուցանիշը՝ այս 22 տարիների մեջ: Եվ դա այն դեպքում, որ 2013-ը շատ լարված էր` սահմանային բախումների առումով:

Ինչևէ, անելու դեռ շատ բան կա, ահավոր շատ: Պետք է դեռ շատ աշխատել սպայական կորպուսի որակական կողմի վրա, պետք է ավելի կայացնել պրոֆեսինալ հիմունքներով ծառայության ինստիտուտը, ժամկետայիններին աստիճանաբար հանել հրամանատարական կազմից և սերժանտական կազմը դարձնել պայմանագրային, ավելի նվազեցնել զոհերի, հատկապես` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում գրանցվող զոհերի քանակը` դրանց թիվը զրոյի հասցնելու հստակ միտումով, և այլն...

Շատ բան դեռ կա անելու, բայց այլ ելք չունենք, պետք է արվի ու պետք է սովորենք նաև չենթարկվել տեղեկատվական սադրանքներին, որոնք, ցավոք, շատ են ու որոնցից շատերի հետևում, ցավոք, կանգնած են մեր հայրենակիցները: Բանակ ունենալը մեր համար ֆետիշ չէ, ինքնանպատակ չէ, այլ սուր անհրաժեշտություն է, ու եթե այլ երկրների համար գործում է Նապոլեոնյան այն ֆորմուլան, որ եթե չես ուզում կերակրես քո բանակը` կկերակրես թշնամունը, ապա մեզ համար այն շատ ավելի պարզ է.

Եթե չենք ուզում կերակրել մեր բանակը՝ պատրաստվենք բնաջնջվելուն: