15:11 , 23 հունիս, 2012
1in.am-ում կարդում եմ Օսկանյանի գործում նոր շրջադարձի մասին: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել նրա ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ` փողերի լվացման մեղադրանքով: Եվ ահա, երեկ «Սիվիլիթաս» է այցելել Պետական եկամուտների կոմիտեն և պահանջել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը գործունեության չորս տարիների համար՝ սկսած 2008 թվականից:
Այդ շրջադարձը բավական ուշագրավ է այն իմաստով, որ խաղի մեջ է, փաստորեն, մտնում նաև ՊԵԿ-ը: Սա կարող է վկայել կամ` այսպես ասած, «երկրորդ ճակատը» բացելու մասին, կամ էլ` պարզապես կա այն իրողությունը, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված գործում կան դժվարություններ մեղադրանքները «Սիվիլիթասի» հանդեպ հաստատելու հարցում, և ըստ էության իշխանությունները փորձում են նոր բան գտնել կառչելու և գործը շարունակելու կամ առնվազն թարմ պահելու համար: Ըստ ամենայնի փողերի լվացման մասով բան դուրս չի գալիս, և ներկայումս փորձում են գտնել, այսպես ասած, հարկային բացթողումներ կամ էլ այդ կողմից նայել իրավիճակին՝ հուսալով գտնել ինչ-որ բան` գործն առաջ մղելու համար: