Սինայի թերակղզում պայթեցրել են գազ արտահանող խողովակաշարը


09:53 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սինայի թերակղզու հյուսիսում պայթեցրել են գազ արտահանող խողովակաշարը: Հաղորդվում է, որ դիվերսիան իրականացվել է երկուշաբթի երեկոյան՝ Ալ-Արիշ քաղաքի շրջանում, այն ճյուղում, որով երկնագույն վառելիքը մատակարարվում է Հորդանան, ինչպես նաև տեղի ձեռնարկություններ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Ականատեսների վկայությամբ՝ ծայրահեղականների խումբը պայթուցիկ սարք է տեղադրել խողովակաշարի տակ և թաքնվել լեռնային շրջաններում: Որոշ ժամանակ անց պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Տուժածների մասին չի հաղորդվում:

Դիվերսիայից հետո ուժայինները լիովին արգելափակել են հարակից շրջանները: Հանցագործներին որոնում են:

Իրավապահ մարմինների աշխատակիցները վստահ են, որ հարձակման հետևում կանգնած են Սինայում գործող «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» ծայրահեղական խմբավորման գրոհայինները, ովքեր պատասխանատվություն են կրում Եգիպտոսում վերջին ամիսներին իրականացված ահաբեկչությունների մեծ մասի համար: