22:24 , 27 հունվար, 2014
168.am-ը գրում է.
ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ հունվարի 29-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այս տեղեկատվությունը գուցե ուշադրության արժանի չլիներ, եթե Հ. Աբրահամյանի այցը չհամընկներ Հայաստանում սկսված մի շարք ներքին գործընթացների հետ: Այցից ընդամենը 4-5 օր հետո մեկնարկում է ԱԺ գարնանային նստաշրջանը, որի ընթացքում կարող են որոշակի դրամատիկ զարգացումներ տեղի ունենալ: Գոնե նախնական քննարկումների մակարդակում խոսվում է ոչ իշխանական խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնելու հնարավորության մասին, ՍԴ-ն ընդամենը երկու օր առաջ կասեցրեց պարտադիր կուտակային կենսաթոշակայինի համապատասխան դրույթները, դրա դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները խոստանում են առաջիկայում ուժեղացնել պայքարը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից հետո քաղաքական ու իշխանական համակարգում անորոշությունը շարունակվում է…
Այս և մի շարք իրադարձություններ ու զարգացումներ վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությանն անհանգիստ ժամանակներ են սպասվում: Իսկ Հովիկ Աբրահամյանը համարվում է կամ գոնե մինչև վերջերս համարվել է իշխանության առանցքային դեմքերից մեկը, ով ճգնաժամային իրավիճակներում կարողացել է առավելապես ներքին, ինտրիգային մեթոդների կիրառմամբ չեզոքացնել իշխանությանը սպառնացող վտանգները: Ու երբ այս պայմաններում Հ. Աբրահամյանը մեկնում է Դուբայ, նշանակում է՝ կամ նրա ազդեցությունն իշխանությանը սպառնացող վտանգների չեզոքացման հարցում հավասարեցվել է զրոյի՝ ներիշխանական համակարգում նրա դերակատարության թուլացման պատճառով, կամ նա այդ վտանգների գեներացման մեջ իր շահերին սպասարկելու պոտենցիալ է տեսնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ