Ադրբեջանական դասագրքում օգտագործված լուսանկարում Ս. Հացպանյանը ներկայացված է որպես ադրբեջանցի


18:39 , 27 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը մի քանի օր առաջ պարզել է, որ 1993թ. Քարվաճառի ազատագրումից հետո, Շեյխա խանումի հետ իր հայտնի լուսանկարում, որը հայ գրականության դասագրքերում տեղադրված է Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության ներքո, ադրբեջանական դասագրքում էլ տպագրված է՝ այն տարբերությամբ, որ այնտեղ Հացպանյանը ներկայացված է որպես ադրբեջանցի:

Tert.am-ի հետ զրույցում Սարգիս Հացպանյանն ասաց.«Ես մի քանի օր առաջ իմացա, որ ես ադրբեջանցի եմ, ես Շեյխա Խանումի թոռն եմ: Ես այդ մասին իմացել եմ 4 օր առաջ՝ մի ադրբեջանցի աղջկանից: Նա մի հայ տղայի հետ «մարջ է եկել», որ ես թուրք եմ, և Հայաստանից մի հայ տղա ուղարկել է նաև տեսանյութի լինքերը, ու սա էշացել է, որ ես հայերեն եմ խոսում, թուրքերեն եմ խոսում, ֆրանսերեն: Ու այդ ադրբեջանցի աղջիկը զանգել է իրենց խմբագրություն, հարցրել է՝ բա ինչի՞ էիք ստում»:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը» հայտնի լուսանկար է, որն առաջին անգամ տպագրվել է Ֆրանսիայի «Libration» թերթում, և Սարգիս Հացպանյանն ինքը «Հայզինվոր» պարբերականին տված հարցազրույցում հուզիչ մանրամասներ էր ներկայացրել լուսանկարի պատմության մասին:

Մասնավորապես, երբ Քարվաճառի ազատագրումից հետո իրենք մտել են գյուղ, որտեղ ոչ մի ադրբեջանցի տղամարդ չի եղել, այլ՝ հիմնականում ծերեր, երեխաներ և անօգնական կանայք, Սարգիս Հացպանյանը թուրքերեն ողջունել է նրանց։ Եվ 80-ն անց ծեր ադրբեջանուհին՝ Շեյխա խանումը, հանդիմանանքով նայել է վրան ու ասել. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք»: «Հայերն արդեն եկել են»,- տեղեկացրել է ռազմագերիների այն ժամանակվա պատասխանատու Հացպանյանը, ու բացատրել ,թե հայերի կռիվը զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության և որ «ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը»:

Հետագայում Սարգիս Հացպանյանը միշտ զրուցել է Շեյխա խանումի հետ, ում որակել էր որպես՝ բանաստեղծ, աշուղ, բանասաց։

«Ես սիրում էի զրուցել նրա հետ։ Ասում էր` էս կռիվը մեր երկու ժողովուրդների կռիվ չէ, մենք սիրում ենք հայերին, մենք բոլորս էլ գիտենք, որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, խաչերով զարդարված քարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են»,- Սարգիս Հացպանյանին ասել էր ադրբեջանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ