Ասհաբներ


13:58 , 23 հունիս, 2012

Ասհաբները իսլամ ընդունած Մուհամմադի զինակիցներն են, որոնք եղել են ականատեսներ և լսել են նրա քարոզները։ Ասհաբ էին համարվում այն մարդիկ, ովքերհնարավոթություն են ունեցել հանդիպելու Մուհամմադին, ընդունել իսլամ և մինչ կյանքի վերջ մնացել են մուսուլման։ Այն մարդիկ, ովքեր հանդիպել են Մ.-ին և ընդունել են իսլամ, բայց այնուհետև հավատափոխ են եղել, ասհաբներ չեն համարվում։ Մ.-ի ընտանիքի անդամները և նույնիսկ երեխաները, ովքեր հանդիպել են նրան, համարվում են զինակիցներ։ Առաջին ասհաբ է համարվում Խադիջան, իսկ վերջինն Աբու ատ-Տուֆայլը, ով մահացել է 729 թ.-ին։ Ենթադրվում է, որ Մուհամմադի մահվան պահին արդեն կար 114 000 զինակից։

Իսլամը որպես կրոն ճիշտ հասկանալու համար հարկավոր է լավ իմանալ Մ.-ի և իր զինակիցների կյանքը, քանի որ այն որպես օրինակ է ծառայել հետագա սերունդների համար։ Այդ պատճառով պատմաբաններն իրենց գրքերում տարբեր տեսանկյուններից էին փորձում նկարագրել նրանց կյանքը։ Ընդհանուր առմամբ հիշատակվում էր մոտ 10 000 զինակիցների կենսագրություն։

Զինակիցների թվում էին Մուհամմադի ընկերները և մտերիմները։ Նրանց անվանում են Ասհաբ ալ-Քիրամ։ Նրանք ամեն ինչ ներդրել են իսլամի զարգացման համար և նվիրաբերել են իրենց ունեցվածքը, որոշ դեպքերում նաև կյանքը այդ նպատակի համար։ Նրանք Մ.-ին սեփական անձից շատ էին սիրում։ Քանի որ Ղուրանում և հադիսներում բազմիցս հիշատակվում է նրանց մասին, ուղղափառ մուսուլմանները մեծ հարգանք են տածում նրանց հանդեպ։ Նրանք համարվում են աստվածավախ, արդարամիտ մարդիկ։ Որոշ հադիսների հավաքածուների հեղինակներ առանձին բաժին էին հատկացնում ասհաբների անհատական արժանիքների նկարագրությանը։ Հադիսներից մեկում գրված է Մուհամմադի հետևյալ խոսքերը. «Լավագույն սերունդը հանդիսանում է իմ սերունդը» (Մուսլիմ, Ֆադաիլ աս-Սահաբա, 210-215)։

Ասհաբները  հանդիսանում էին մարգարեի կողմից թողած ժառանգության կրողները և փոխանցողները։ Նրանց շնորհիվ մեզ է հասել վաղ մուսուլմանական պատմությունը, բազմաթիվ դրվագներ Մ.-ի կյանքից և քարոզներից։ Արաբական նվաճումների ժամանակ ասհաբները լքում էին Արաբական թերակղզին և բնակվում Խալիֆայության տարբեր շրջաններում։ Այնտեղ նրանք տեղի բնակչությանը սովորեցնում են իսլամի հիմքերը, պատմում հադիսներ և բացատրում Ղուրանի ճիշտ մեկնաբանությունը։ Զինակիցներից ոմանք հիմնադրեցին իրավական և աստվածաբանական դպրոցներ։ Սակայն, հարկավոր է նշել, որ սուննիների մոտ ոչ բոլոր ասհաբներն են գտնվում հավասար կարգավիճակում։ Նրանցից ոմանք Մուհամմադի հարազատներն էին և շուտ ընդունելով իսլամ՝ ավելի մեծ ներդրում էին ունեցել, քան ավելի ուշ ընդունածները։ Կրթվածության և գիտելիքի առումով նրանք նույնպես գտնվում էին տարբեր մակարդակներում։ Բացի այդ, զինակիցները ներկայացված են 2 մեծ խմբերով՝ մուհաջիրների և անսարների: