14:30 , 27 հունվար, 2014
Մեծագույն սերունդ արտահայտությունը առաջին անգամ օգտագործվել է լրագրող Թոմ Բարկովի կողմից: Այս եզրույթն օգտագործվում է բնորոշելու համար այն սերնդին, որը Մեծ ճգնաժամի տարիներին մեծացել է ԱՄՆ-ում, ապա ուղևորվել Երկրորդ համաշխարհային պատերազմում կռվելու: Մենք շատ դասեր կարող ենք քաղել այդ սերնդից:
Թեպետ այսօրվա սերունդը հաճախ խուսափում է պատասխանատվությունից, Մեծագույն սերնդի ներկայացուցիչները աչքի էին ընկնում բարձր պատասխանատվությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի շքանշանակիրներից մեկի որդին կիսվում է իր հոր և նրա ընկերների մասին ունեցած իր հիշողություններով.
- Նրանց համար պատասխանատվությունը առանցքային նշանակություն ուներ: Նրանք սիրում էին պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Ամեն անգամ, երբ նրանց հանձնարարություն էր տրվում, նրանք ամենայն պատասխանատվությամբ էին մոտենում դրա իրագործմանը: Պատասխանատվությունն, ասես, նրանց կյանքի շարժիչ ուժը լիներ:
Երբ Մեծագույն սերունդը պատասխանատվություն էր ստանձնում ինչ-որ բանի համար, նրանք նաև գիտակցում էին դրանից բխող բոլոր հետևանքները: Վեսլի Քոյի պատմությունը ոգևորիչ է: Պատերազմից կարճ ժամանակ անց, Քոն տպագրական բիզնես հիմնադրեց: 35 տարի Ֆիլադելֆիայում աշխատելուց հետո, նա որոշեց իր բիզնեսը տեղափոխել Նյու-Յորք: Քոն 1.3 միլիոն դոլար վարկ վերցրեց՝ բիզնեսն ընդլայնելու համար: Ցավոք, Քոյի ղեկավարած ընկերությունը սկսեց ռեգրես ապրել: Մի տարի անց նա ստիպված էր հրաժարվել բիզնեսից: Քոն ասել է. «Դա շատ բարդ որոշում էր: Ես չէի կարող թոշակի անցնել: 70 տարեկան հասակում ես ստիպված էի ինձ համար նոր աշխատանք գտնել՝ մոտ մի միլիոն դոլարի վարկը տալու համար: Ես անհարմար էի զգում սնանկ հայտարարել ինձ: Ես կարծում էի, որ դա պատվաբեր բան չէ, թեպետ դա ավելի հեշտ կլիներ»:

Այն մարդիկ, ովքեր մեծացել են Մեծ ճգնաժամի տարիներին, հին իրերը պահպանելու սովորություն ունեն: Նրանք այնպիսի ծանր պայմաններում են ապրել, որ ամեն ինչ խնայողաբար օգտագործելը նրանց մոտ բնավորության գիծ է դարձել: Նրանք սովորել են քչով բավարարվել, գնահատել իրենց ունեցածը ու երախտապարտ լինել դրա համար: Ամանորին նրանց գուլպաների մեջ իբրև նվեր ընդամենը մի նարինջ էին դնում: Նրանց սերունդը մեծ ուրախությամբ տեղափոխվում էր Լեվիթաունի փոքրիկ տնակները, որոնք իրենց մեծությամբ չէին գերազանցում որոշ մարդկանց ավտոտնակներին: Մեծագույն սերնդի կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Օգտագործիր ու մաշիր, իսկ եթե չունես, յոլա գնա առանց դրա»:
Դաս 3. Խոնարհ եղիր
Մեծագույն սերնդի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա: Պատերազմի մասնակիցներից մեկի որդին իր հոր մահից հետո ձեղնահարկում գտնում է մի շքանշան, որը տարիներ առաջ շնորհվել էր իր հորը պատերազմի ընթացքում կատարած սխրագործությունների համար: Գտնելով այդ շքանշանը՝ որդին զարմանում է, քանի որ հայրը երբևէ ոչինչ չէր ասել այդ մասին: Մեծագույն սերնդի մարդիկ հազվադեպ էին խոսում պատերազմի մասին, գրեթե երբեք չէին հիշատակում իրենց սխրագործությունները: Նախ և առաջ դժվար էր հիշել պատերազմի ահուսարսափը: Բացի այդ, նրանք կարծում էին, որ պարզապես իրենց պարտքն են կատարել: Ուստի պարծենալու պատճառ չէին տեսնում:

Մեծագույն սերնդի տղամարդիկ լուրջ էին վերաբերվում իրենց ամուսնական երդմանը: Բրոկովը գրել է. «Դա վերջին սերունդն էր, որում ամուսնալուծությունը գրեթե բացառված էր: Ես չեմ հիշում իմ ծնողների ընկերներից գոնե մեկին, ով ամուսնալուծված էր: Այն հասարակությունում, որտեղ մենք էինք ապրում, ամուսնալուծությունը սկանդալ էր համարվում»: Բրոկովի խոսքերը հաստատվում են վիճակագրական տվյալներով: 1940-ին գրանցված 6 ամուսնությունից մեկն ավարտվում էր ամուսնալուծությամբ, իսկ 1990-ականների վերջերին՝ 2-ից մեկը: Այդ ժամանակ մարդիկ հենց այնպես ժամանակ անցկացնելու համար չէին հանդիպում իրար հետ: Տղամարդիկ աղջիկներին լուրջ մտադրությամբ էին ժամադրում: Երբ մարդ սիրահարվում էր ինչ-որ մեկի, առաջարկություն էր անում նրան, նրանք ամուսնանում էին և միասին անցկացնում կյանքի մնացած մասը:
Պատերազմի բովով անցած այս սերունդն աչքի էր ընկնում նպատակասլացությամբ: Երբ մարդիկ նպատակ էին դնում իրենց առջև, նրանք չէին հանգստանում, մինչև այդ նպատակին չէին հասնում: Նրանք բավարարվում էին համեստ աշխատանքով և կարողանում էին նախանձախնդրորեն կատարել ցանկացած աշխատանք, քանի որ նրանք ոչ թե պարզապես ինքնակայացման համար էին աշխատում, այլ աշխատում էին իրենց ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար: Նրանք զրկված էին եղել բարեկեցիկ պայմաններից, ուստի ցանկանում էին գոնե իրենց երեխաներին ապահովել դրանցով: Ներկայումս շատերը համալսարանն ավարտելուց հետո այնպիսի բաներ են ցանկանում ունենալ, որոնց մասին Մեծագույն սերունդն անգամ երազել էլ չէր կարող: Նրանք գիտեին, որ միայն արդար ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կարելի է իրականացնել իրենց առջև դրված նպատակները:

Ներկայումս բազում մարդիկ խուսափում են մարտահրավերներից՝ կարծելով, որ որքան ավելի հեշտ լինի կյանքը, այնքան ավելի երջանիկ կլինեն իրենք: Այնինչ Մեծագույն սերնդի մարդիկ շատ ավելի լավ էին հասկանում ամեն ինչ: Նրանք քաջ գիտակցում էին, որ կյանքի ուրախություններն ու դառնությունն անբաժան են իրարից: Նրանք նաև գիտեին, որ իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դիմակայում ես այնպիսի մարտահրավերների, որոնք բնավորություն են կոփում: Մարտահրավերները միայն քաղցրացնում էին նրանց երջանկությունը:
Այս դասերն ունեն մի ընդհանուր հատկություն. դրանք բոլորը սովորեցնում են սառը դատել և բանական մոտեցում ունենալ կյանքի հանդեպ: Մեծագույն սերնդի ներկայացուցիչները երբեք չէին տարվում նորաձևության վերջին միտումներով: Նրանք առանձնապես չէին մտահոգվում, թե որ սարքն էր առավելագույնս համապատասխանում իրենց իմիջին, նրանք պարզապես գնում էին այն սարքը, որն ամենից լավ էր աշխատում: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի հռչակավոր օդաչու Ջո Ֆոսին հարցրին, թե արդյո՞ք նա կարոտում է իր երիտասարդ օրերը, վերջինս պատասխանեց.
- Օհ, ոչ, ես այնպիսի մարդ չեմ, ով հիշում է անցյալն ու կարոտում այն, ես պարզապես վեր եմ կենում տեղից ու առաջ գնում:
Ուստի անցյալի մասին հիշելու փոխարեն, առաջ շարժվեք: