09:51 , 23 հունիս, 2012
Խանումը
Խանումը չոր ու ցամաք տանջված մի կին էր: Նրա ամուսինը չվերադարձավ Հայրենական Պատերազմի դաշտից: Խանումն ու իր որդի Ռազմիկը որբացան: Նրանք իրար նեցուկ լինելով ու սիրտ տալով մի կերպ գոյատևում էին Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերից մեկում: Գյուղի դպրոցի դիրեկտորը խղճով մարդ էր ու մի քանի այրիների, որոնց թվում նաև Խանումին, գործի էր ընդունել դպրոցում որպես հավաքարար ամսեկան 25 ռուբլի աշխատավարձով: Հինգ ռուբլի էլ Խանումը ստանում էր իր որբ Ռազմիկի համար որպես կերակրողը կորցրած երեխայի: Այդ 30 ռուբլուց 16-ին ամեն ամիս Խանումը մի պարկ այլուր էր առնում գյուղի խանութից , 3 ռուբլու նավթ լամպի համար, լուցկի ու օճառ էլ էր գնում մի քանի կոպեկով: Ամենակարևորը որ ամսեկան ետ էր գցում 10 ռուբլի որպեսզի երբ իր միակ Ռազմիկը դպրոցը ավարտի ու գնա Երևան ուսումը շարունակելու մի քանի կոպեկ ունենան այնտեղ տղայի գոյատևելու համար: Խանումը տարին տասներկու ամիս հիվանդ էր: Սովի տարիներին թերասնվելու հետևանքով ձեռք էր բերել ստանմոքսի խոց որը նրան օր ու արև չէր տալիս: Վաղվա լավ օրվա անկոտրում հույսով մթնացնելով դաժան այսօրը մի կերպ գոյատևում էին: Ռազմիկը այքնան նիհար ու նվազ երեխա էր որ անունը Բմբուլ էին դրել դպրոցի երեխաները: Ու համարյա բոլորը արդեն մոռացել էին նրա Ռազմիկ անունը ու բոլորի համար հավասարապես նա Բմբուլ էր: Լավ տղա էր Բմբուլը, շրջապատի սիրելին էր իր մարդամոտությամբ ու պատրաստակամությամբ: Սիրում էր վոլեյբոլ խաղալ ու դպրոցի թիմում լավ խաղացողի համբավ ուներ: Սովորում էր միջակ, մայրը կիսգրագետ կին էր ու հազիվ օրվա ապրուստի հոգսին էր, ժամանակ չուներ ու ունակ էլ չէր Բմբուլի կրթության հարցերով զբաղվելու համար: Հարևան բարեկամի օգնությամբ, լավ մարդկանց բարի կամեցողությամբ Բմբուլը բարեհաջող ավարտեց դպրոցը: Խանումի ուրախությանը չափ ու սահման չկար, տղան միջնակարգ կրթութույն էր ստացել: Ամուսնու փոքր եղբայրն էլ Բմբուլի համար մի ձեռք շալվար ու վերնաշապիկ էր առել գյուղի խանութից ու Բմբուլը կյանքում երևի առաջին անգամ հագել էր անկարկատան շորեր: Բմբուլը գնաց Երևան և բարեհաջող ընդունվեց միլիցիայի դպրոց քանի որ պատերազմական տարիների ծնունդները քիչ էին ու այդ տարիներին ծնվածները համարյա ամենուր ընդունվում էին առանց որևէ լուրջ կոնկուրսների: Ավարտեց ու դարձավ միլիցիոներ մեր Բմբուլը: Ընկեր տղերքն ու ծառայակիցները նույնպես շատ էին սիրում Բմբուլին: Միշտ իր բարի ժպիտով կարողանում էր գրավել մարդկանց սրտերը, օտար թե հարազատ նրան միշտ էլ լավ էին ընդունում: Սակայն որբի բախտը միշտ նրա հետ է: Այնպես պատահեց որ Բմբուլը ծառայողական մեքենայով վթարի ենթարկվեց մի գիշեր ու տեղում մահացավ: Լուրը հասավ սմքած ու արդեն վաղուց ծանր աշխատանքից ուժասպառ եղած Խանումին: Մղկտաց իր բախտի վրա: Շատ մղկտաց իր միակ հույս ու ապավեն, կյանքի իմաստ ու կյանքին կապող միակ օղակի համար: Երեկոյան հարևան բարեկամները մենակ թողնելով Խանումին ցվրվեցին իրենց տներով: Ռազմիկի դին դեռ գյուղ չէին բերել, միլիցիայից խոստացել էին բերել հաջորդ օրը: Նստեց Խանումը իր տան միակ կահավորանք փայտե թախտին, երկար լուռ մնաց, մի քանի ժամ նուն դիրքով մնալուց համարյա լրիվ քարացած ոտք ու ձեռքով: Հետո դանդաղ վեր կացավ, վերցրեց կոթը ջարդված դանակը, դուրս եկավ բակ, կտրեց մի կտոր իր արդեն մաշված լվացքի պարանից, օղ արեց ու գցեց դռան շրջանակի վերևի փայտին, պինդ հանգուցեց: Օղ արեց պարանը ու նորից եկավ նստեց փայտե թախտի անկյունին: Երկար նայեց իր սարքած պարանի օղակին, հավաքեց բոլոր ուժերը, միակ կիսախարխուլ անմեջք աթոռակը դրեց պարանի տակը, երկու ոտքը դռան շեմից դեպի դուրս, մյուս երկուսը իր քողտիքից ներս, մի կերպ բարձրացավ աթոռին պարանի օղակը գցեց վիզը և ոտքով դեն հրեց ճռացող աթոռը: Նրա ականջին հասած վերջին ձայնը խարխուլ աթոռի սրտակեղեք ու երկարատև ճռոցն էր որը կորավ անլուսին գիշերվա ահարկու խավարի մեջ իր հետ տանելով Խանումի կյանքի վերջին վայրկյանը:
Վերջացավ: Ամեն ինչ վերջացավ: