Յանուկովիչը նույնպես հստակ չգիտի իր անելիքը ու սպասում է Մայդանի ու ընդդիմության արձագանքին


00:21 , 26 հունվար, 2014

Կիևից հակասական լուրեր են ստացվում՝ վկայելով այն մասին, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի թիմը վարում է «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականություն։
Մի կողմից ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմադիր «Բատկովշչինա» կուսակցության նախագահ Արսենի Յացենյուկին առաջարկել է երկրի վարչապետի, իսկ ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին՝ փոխվարչապետի պաշտոնները, մյուս կողոից՝ ընդդիմությունն ահազանգում է, թե նախագահը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել։
Ըստ ամենայնի՝ Յանուկովիչը նույնպես հստակ չգիտի իր անելիքը ու սպասում է Մայդանի ու ընդդիմության արձագանքին։
Ընդդիմության վարքագիծը նույնպես դժվար կանխատեսելի է։ Եթե նրանք ընդունեն նախագահի առաջարկները, կարող են արժանանալ Մայդանի ոչ միանշանակ գնահատականին՝ օտարանալով հասարակությունից ու հարկադրված լինելով աշխատել ուրիշի խորհրդարանական մեծամասնության հետ։
Մյուս կողմից՝ եթե ընդդիմությունն առավնորդվի՝ բացառապես Յանուկովիչի հրաժարականի պահանջ դնող Մայդանի տրամադրություններով, ապա վիճակի սրումն իրապես կարող է հանգեցնել քաղաքացիական մեծամասշտաբ բախումների։
Առաջիկա ժամերը՝ Ոկրաինայի քաղաքական էլիտայի համար, դառնալու են ճակատագրական որոշումներ ընդունելու ժամանակահատված։