Կարեն Արիստակեսյանը մեկնաբանում է թանգարանի աղմկահարույց միջադեպը


23:14 , 25 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի թանգարանում դեկտեմբերին աղմուկ բարձրացրած միջադեպը եղել է աշխատանքային քննարկման ժամանակ և անձնական բնույթ չի կրել: Հունվարի 25-ին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

«Ես «անձնապաստան» մարդ չեմ և որպես տնօրեն անձնական վերաբերմունք չեմ դրսևորում որևէ աշխատողի նկատմամբ: Կարծում եմ, որ մարդը, ով տարածել է այս ապատեղեկատվությունը, պարտավոր է նույն լրատվամիջոցներով ներողություն խնդրել: Ինչ վերաբերում է ինձ որպես տնօրենի, կարծում եմ, որ լինելով Թանգարանների միջազգային խորհրդի անդամ իրավունք չունեմ պարզապես թանգարանում նման վարքագիծ դրսևորած մարդիկ ունենալ»,- լրագրողների հարցին պատասխանեց Կարեն Արիստակեսյանը:

Նա նշեց, որ գործը պետք է քննվի օրենքով սահմանված կարգով և այն պարտավորություններին համապատասխան, որ թանգարանը ստանձնել է անդամակցելով Թանգարանների միջազգային խորհրդին:

Նա պարզաբանեց, որ վիճաբանության առիթ էր հանդիսացել Էկոնոմիկայի նախարարի հրամանը, որով սահմանվում են թանգարանային աշխատողների որակավորման պահանջները: «Ըստ հրամանի թանգարանի ֆոնդապահը պիտի ունենա բարձրագույն կրթություն և համարվի գիտաշխատող: Մեր ֆոնդապահներից երեքն ունեն միջնակարգ կրթություն: Ցուցանմուշների պահապանները ևս պետք է ունենան նախնական միջին մասնագիտական կրթություն հումանիտար գիտությունների ոլորտում: Մենք պետք է աստիճանաբար հանձնում-ընդունում կատարենք և կարողանանք ներսի ուժերով կարգավորել խնդիրը: Մենք երբևէ որևէ աշխատողի ազատման պահանջ չենք ներկայացրել և հնարավորության դեպքում չենք ներկայացնի, եթե մեր կողմից առաջակվող աշխատանքը նրանք կընդունեն: Մենք անընդհատ բարեփոխումների կարիք ունենք, քանզի մեր գործունեությունը անընդհատ ընդլայնվում է»,- պարզաբանեց Արիստակեսյանը:

Ի դեպ, վիճաբանության մասնակից երկու աշխատակիցները շարունակում են աշխատել թանգարանում: