«Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, կքննարկվի նաև Ցեղասպանության հարցը»


23:06 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Հայոց ցեղասպանությանը և Հրանտ Դինքի սպանությանն առնչվող հարցեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը: 

«Օլանդի՝ երկուշաբթի մեկնարկող այցի պատճառները մի քանիսն են՝ քաղաքական՝ Սիրիայի հարց, տնտեսական և դիվանագիտական: Վստահ եմ, որ Ֆրանսիայի նախագահը մի քանի հարց կբարձրացնի նաև հայերի վերաբերյալ՝ Ցեղասպանություն, Հրանտ Դինքի սպանություն և այլն: Բացի այդ, ադրբեջանցիներն ասում են, որ երկու երկրների ղեկավարները պետք է խոսեն ղարաբաղյան հարցի շուրջ: Գուցե սա ապատեղեկատվություն է, սակայն եթե նման բան լինի, վատ չի լինի»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա կմեկնարկի երկուշաբթի: