Աշխարհի չեմպիոնին արգելել են մարզվել «Դինամո» մարզադահլիճում


21:54 , 25 հունվար, 2014

Աշխարհի չեմպիոնին արգելել են մարզվել «Դինամո» մարզադահլիճումSport.am-ը գրում է.

ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մենամարտերն ու հաջողությունները բազմիցս ներկայացրել ենք մեր ընթերցողներին: Նշենք, որ MMA մարտիկ Դավիթ Խաչատրյանը շարունակում է ակտիվ մարզումներն ու նախապատրաստվում է փետրվարի 16-ին Երևանում կայանալիք ArmFC-12 մրցաշարին, որում Դավթին ձեռնոց է նետել մահմեդական երկրների անպարտելի մարտիկ Մորթեզա Քալանթարին:

Իսկ այդ մենամարտից օրեր անց Դավիթը պաշտպանելու է ProFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին, մրցակիցն էլ Grand Prix 2013-ի հաղթող Իգոր Եգորովն է:

Այս օրերին Դավիթը մարզվում է ոչ միայն Արմֆայթինգ ֆեդերացիայում՝ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ, այլև՝ այլ պարապմունքներ է անցկացնում ըմբիշների ու բռնցքամարտիկների հետ «Դինամո» մարզադահլիճում, սակայն …

Սակայն օրերս մեզ հայտնի դարձավ, որ հերթական պարապմունքներից մեկի ժամանակ Դավիթ Խաչատրյանին դուրս են արել մարզադահլիճից…

Իրավիճակը պարզաբանելու համար զրուցեցինք հենց Դավիթ Խաչատրյանի հետ, ով էլ մանրամասն ներկայացրեց եղելությունն, այլ կերպ ասած՝ թե ինչպես են ընդհատել իր պարապմունքն ու արգելել շարունակել մարզումները:

«Ես մարզվում եմ ոչ միայն Արմֆայթինգ ֆեդերացիայում, այլ նաև «Դինամո» մարզադահլիճում: Մարզվում եմ ըմբիշների ու բռնցքամարտիկների հետ: Առաջին անգամը չէր, որ «Դինամո» մարզադահլիճում էի: Բայց այս անգամ իսկապես շատ զարմացա»,- ասաց Դավիթ Խաչատրյանը և նշեց, որ մարզադահլիճը միշտ էլ ազատ է եղել մարզիկների համար ու ինքն ընկերների հետ մարզվել է «Դինամոյում»:

«Մարզադահլիճում երբեք խնդիրներ չեն եղել: Օրեր առաջ, երբ հերթական մարզումս էի անցկացնում ազատ ոճի ըմբիշների հետ, մարզչիս հետ ինձ մոտեցավ մի գնդապետ, ով ասաց, որ էստեղ պարապելու համար պետք է գրանցվեմ ու դրա մասին պետք է խոսել: Երբ առանձնացանք, գնդապետն ինձ հարցրեց՝ արդյո՞ք այլ ֆեդերացիայի սան եմ, ինչին ես, բնականաբար, դրական պատասխան տվեցի: Ինքը ինձ ճանաչում էր, քանի որ անունս լսելուն պես հարցրեց՝ Խաչատրյա՞ն: Ասացի՝ այ՛ո: Հետո նշեց, որ եթե ուզում եմ շարունակել մարզվել, ապա պետք է հաջորդ պարապմունքին ինձ հետ համապատասխան թուղթ բերեմ, որից հետո կգրանցվեմ ու կշարունակեմ մարզումներս: Բնականաբար, ես ասացի, որ կբերեմ այդ թուղթը: Սակայն նրա գնալուց քիչ անց մարզիչս մոտեցավ ինձ ու ասաց, որ այնտեղ տեսախցիկներ կան, որոնց միջոցով տեսել են իմ՝ այնտեղ մնալու փաստն ու որ ես պիտի հեռանամ: Ավելին, հանդերձափոխմանս ընթացքում էլ շարունակում էին զանգահարել մարզչիս»,- պատմեց Խաչատրյանը:

Դավիթը հավելեց, որ այլևս չի պատրաստվում վերադառնալ «Դինամո» մարզադահլիճ, թեև մարզիչը ասել է, որ անպայման շարունակի՝ միայն թե մինչ այդ գրանցվել է պետք:

Իրավիճակն իսկապես տհաճ է: Բնականաբար, հասկանում ենք, որ գուցե և որոշակի ներքին կանոնակարգ կա, որ գործում է մարզադահլիճում ու որին, անխոս, պետք է հետևել, սակայն յուրաքանչյուր իրավիճակից կարելի է քաղաքակիրթ ելք գտնել՝ չվիրավորելով դիմացինին:

Առնվազն կարելի էր թույլ տալ մարզիկին, ով պատահական անուն չէ ոչ միայն հայաստանյան, այլև՝ համաշխարհային սպորտում, ավարտել մարզումն ու միայն դրանից հետո պայմանավորվել հետագա անելիքների մասին, կամ թեկուզ արգելել մուտքը, ինչը նույնպես որոշակիորեն հիմնավորված պիտի լիներ… Սակայն այս՝ մեղմ ասած «չոբանավարի» մոտեցումը տխրեցնում է: Պարոնայք ֆունկցիոներներ, գուցե հենց նման վարքն է պատճառը, որ մեր լավագույն մարզիկներն ի վերջո լքում են Հայաստանը…