Ուկրաինայում պայթունավտանգ իրավիճակ է


17:50 , 25 հունվար, 2014

Ուկրաինայում պայթունավտանգ իրավիճակ է։ Նախօրեին ձեռք բերված հրադադարը չի գործում. իշխանությունն ու ընդդիմությունն իրար չեն վստահում, հասարակությունն ատում է իշխանությանն ու անվստահություն ունի ընդդիմության հանդեպ։ Զոհերի թիվն աճում է, ոստիկանությունը սպառնում է ակտիվիստներին, վերջինները նորանոր պետական հաստատություններ են գրավում։
Քաղաքական կոմպրոմիսը թվում է անհնար. իշխանությունը հանգիստ փողոց է ուզում, ցուցարարները՝ նախագահի հրաժարական։
Ուկրաինան՝ աշխարհագրորեն ու քաղաքականապես, մասնատվել է ու խոսում է տարբեր լեզուներով։
Քաղաքական դիալոգի բացակայությունը ծնում է փոխադարձ արմատականցում՝ հակադրության զույգ կողմերում։
Վիճակը դառնում է անվերահսկելի։ Ուկրաինական «Բերկուտը» դարձել է քաղաքական-քրեական գործոն՝ հաճախ իր գործողություններով կանխորոշելով իշխանության քաղաքականությունը։
Ընդդիմության առաջնորդներին էլ փորձում է եղանակ թելադրել աջ ծայրահեղական «Աջ սեկտորը»։
Մայդանն՝ իր մեծամասնության մեջ, եվրոպական արժեքների խորհրդանիշ է, սակայն ծայրահեղ աջերին միավորում է ազգային հեղափոխության գաղափարն և «Ուկրաինան՝ ուկրաինացիներին» կարգախոսը։
Մի խոսքով, Ուկրաինայում շրջում է մի ուրվական՝ քաղաքացիական պատերազմի ուրվականը…