Ճապոնիայի 5 ամենատարօրինակ ու զվարճալի փառատոնները


14:09 , 25 հունվար, 2014

 1  Պորտի փառատոն

heso matsuri

Այս փառատոնը նշվում է Ճապոնիայի Հոկայդո կղզու Ֆուրանո քաղաքում՝ հուլիսի վերջերին: Փառատոնի մասնակիցները իրենց փորին դեմքեր են նկարում և իրենց գլուխները ծածկում հսկայական գլխարկներով: Մի փոքր պատմենք փառատոնի ծագման մասին: 1969 թ.-ին որոշվեց, որ հարկավոր էր Ֆուրանո քաղաքի բնակչությանը միավորող փառատոն ստեղծել: Քանի որ Ֆուրանոն գտնվում է Հոկայդոյի կենտրոնում, որոշվեց, որ փառատոնն էլ պետք է անվանվի մարմնի կենտրոնական մասի պատվին: Հենց այսպես էլ ստեղծվեց Պորտի փառատոնը: Փառատոնի ընթացքում նախատեսվում էր պորտապար պարել: Առաջին անգամ միայն 11 մարդ մասնակցեց փառատոնի շրջանակներում կազմակերպված պորտապարին, սակայն ժամանակի ընթացքում փառատոնն ավելի ու ավելի մեծ մասսայականություն սկսեց վայելել: Հետագա տարիներին փառատոնին մասնակցում էին ոչ միայն Ֆուրանո քաղաքում բնակվողները, այլև Ճապոնիայի ողջ բնակչությունը: Փառատոնին մասնակցելու համար Ֆուրանո էին այցելում նաև զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Անցյալ տարի Պորտի փառատոնի ժամանակ ավելի քան 5000 մարդ պորտապար է պարել: 1000 մարդ էլ մասնակցում էր փառատոնին՝ հանդիսատեսի կարգավիճակով: Փառատոնի մեծ մասսայականությունը պայմանավորված է նրա հումորային բնույթով: Փառատոնի մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում պորտապար պարելիս, քանի որ լավագույն պարողներին մրցանակներ են շնորհվում:

  

 

 2  Լացող սումո


Լացող սումո փառատոնն անցկացվում է Ճապոնիայի տարբեր մասերում: Փառատոնի ընթացքում երկու սումոիստ կանգնում են իրար դիմաց: Նրանցից յուրաքանչյուրը մի երեխա է գրկում: Բոլոր հավաքվածները ուշադրությամբ նայում են, թե իրար դեմ պահած երկու երեխաներից որ մեկը առաջինը կլացի և որ մեկն ավելի բարձր կլացի: Սինտոիզմի հոգևորականները երեխաներին լացացնելու համար վախեցնում են նրանց՝ ծամածռելով իրենց դեմքը և տարօրինակ ձայներ հանելով: Իսկ եթե նույնիսկ դրանից հետո երեխաները չեն լացում, նրանք սարսափելի դիմակներ են դնում: Հարց է ծագում. ի՞նչ իմաստ ունի երեխաներին լացացնել՝ փառատոն նշելու համար:  Հավանաբար, ամեն ինչ սկսել է հետևյալ ճապոնական ասացվածքից. «Լացող երեխաները արագ են մեծանում»: Դե իհարկե, էլ ինչը պետք է խթանի երեխայի արագ աճը, եթե ոչ նրան սարսափեցնելը: Եթե կասկածում եք, որ նման փառատոն իսկապես գոյություն ունի, դիտեք տեսանյութը և սեփական աչքերով կտեսնեք այս ամենը:

 

 3  Հիտորի սումո

Այս փառատոնը նշվում է Ճապոնիայի Էհիմե պրեֆեկտուրայում տարվա մեջ երկու անգամ՝ մայիսի 5-ին և սեպտեմբերի 9-ին: Տոնի հիմքում ընկած է արգասաբերության խորհուրդը: Փառատոնի անունը թարգմանաբար նշանակում է մի մարդու սումո: Այս անունն ինքնին ամեն ինչ ասում է: Բացօթյա տարածքում սումոյի ռինգ է դրվում: Ռինգ է դուրս գալիս մի մրցավար և մի սումոիստ: Սումոիստը սկսում է կռիվ տալ: Ու՞մ դեմ: Օդի, քանի որ ռինգում մեկ այլ սումոիստ չկա, սակայն նա ձևացնում է իբրև թե կռվում է բրնձի դաշտերի ոգու հետ: Մարտը կազմված է երեք փուլից: Եթե առաջին երկու փուլում ոգին է հաղթում սումոիստին, դա այն բանի նշանն է, որ տարին բերքառատ է լինելու: 

 

 4  Մերկության փառատոն


Հադակա Մացուրի անունը կրող մերկության փառատոնը նշվում է Ճապոնիայի տարբեր մասերում տարվա մեջ մի քանի անգամ: Փառատոնի մասնակիցները մերկ վիճակով են ներկայանում փառատոնի անցկացման վայրում: Փառատոնի մասնակիցների միակ «հագուստը» գոտկատեղից վար ձգվող սպիտակ կտոր է: Մասնակիցների մի մասն ամբողջովին մերկ են լինում, սակայն դա ամենևին էլ զարմանք չի հարուցում մարդկանց շրջանում: Այս փառատոնին մերկությունը միանգամայն բնական է համարվում: Հաճախ կանայք և տղամարդիկ առանձին են նշում այս փառատոնը: Որոշ քաղաքներում առանձին փառատոններ են կազմակերպվում նաև երեխաների համար, սակայն երբեմն որոշ երեխաներ մասնակցում են մեծահասակների փառատոնին: Փառատոնի ժամանակ քահանան կեսգիշերին հավաքված ամբոխի ուղղությամբ փայտիկներ է նետում: Ով ավելի շատ փայտիկներ հավաքի և դնի դրանք բրնձով լեցուն փայտե արկղի մեջ, նա ողջ տարին բախտավոր կլինի: Այս փառատոնը կրոնական ակունքներ ունի, սակայն ներկայումս փառատոնի կրոնական ասպեկտները մոռացվել են:

 5  Կանամարա Մացուրի


Ճապոնիայի Կավասակի քաղաքում ամեն տարի անցկացվում է Կանամարա Մացուրին (թարգմանաբար՝ պողպատե առնանդամի փառատոնը): Սա արգասաբերության սինտոիստական փառատոն է, որի ժամանակ քաղաքի կենտրոնում տեղադրվում է առնանդամի մեծ արձան: Փառատոնի ժամանակ մարդիկ կարող են գնել առնանդամի տեսքով կոնֆետներ և նվերներ: