Սահադաշտ, որ Գյումրիում ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


04:53 , 25 հունվար, 2014

Hetq.am-ը գրում է.

«Հրապարակի տոնածառին կոնկուռենտ ենք դարձել,-ծիծաղում է Արսենը,-ժամը 18-ից 20-ն ըստեղ իսկական գժանոց է: Լիքը մարդ կհավաքվի, մի մասը սահելու համար, մի մասն էլ բնականաբար հանդիսատեսն է: Հազիվ կհասցնենք տղեքով խնդիները կարգավորել: Ամեն օր առավոտը ժամը 10-ից մինչեւ գիշերը 1-ն ըստեղ ենք»:

Արդեն 12 օր է` Գյումրու նորաստեղծ բացօթյա սահադաշտը կանոնավոր կերպով գործում է: Անցած դեկտեմբերի 27-ին, Գյումրու ավագանու տարեվերջյան նիստին ներկա 7 երիտասարդներ քաղաքապետին եւ ավագանու անդամներին փոխանցեցին իրենց ցանկությունը՝ քաղաքում սահադաշտ ունենալ:

«Սահելու համար ստիպված ենք լինում հասնել Երեւան, այնինչ այդ ամենը կարելի է կազմակերպել տեղում՝ ընդամենն ունելով ցանկություն, առատ ձյուն եւ ջուր»,-հայտարարեցին տղաները: Նրանք իրենց հետ, որպես ներդրում, խորհրդանշական մեկ շիշ ջուր էին բերել քաղաքապետարան: «Մեկ շիշ ջուրը յուրաքանչյուրիս ցանկությունն է,-բացատրեց Արսենը,-այսինքն, եթե ուզում ենք սահադաշտ ունենալ, ամեն մեկս մի-մի շիշ ջուր բերելով էլ կստեղծենք»:

Քաղաքապետը ողջունեց երիտասարդների առաջարկը եւ խոստացավ աջակցել: Հունվարյան տոներից հետո քաղաքապետարանի ջրցան մեքենաները հայտնվեցին Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում գտնվող ջրավազանի մոտ: «Հետո մենք խողովակներ ճարեցինք, որ ջուրը նորմալ լցնեինք,-պատմում է «Հրաշալի յոթնյակի»-ի անդամներից Ստեփանը,-ավելներ տվեցին կոմունալ բաժնից՝ ձյունը մաքրելու համար, բահեր»:

Մեկ շաբաթ միայն տղաները սահադաշտի հիմնային աշխատանքներով են զբաղվել՝ ձյուն կուտակել, երեկոյան մինուս 20-22 աստիճան ցրտի պայմաններում ապահովել սահադաշտի մակերեսի ջրով հարթեցումը եւ այլն: Եղել են դեպքեր, երբ առավոտյան եկել, ոտնահետքեր են տեսել դեռ չձեւավորված սահադաշտում:

«Դե պարզ է, որ վռազողների ձեռքի գործն է եղել, փորձել են տեսնին ձիգ սառուց եղել է, թե չէ ու մեր էրած գործն են փչացրել»,-պարզաբանում է Գոռը: Տհաճ անակնկալ տղաներին սպասել է նաեւ հունվարի 23-ի առավոտյան: Սուրճի հետքեր, աղբ, արեւածաղկի սերմեր՝ ահա թե ինչ են հայտնաբերել նրանք առավոտյան ժամը 10-ին հասնելով սահադաշտ:

«Նախորդ օրը՝ հունվարի 22-ին, մինչեւ գիշերը` ժամը 1-ն էստեղ ենք եղել: Մինչեւ գնալներս շրջակայքում ինչքան թափված բան է եղել` հավաքել-մաքրել ենք,-պատմում է Արսենը,-նախորդ օրը ժամը 18-ին մենք երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ մոմավառություն էլ էինք կազմակերպել ղարաբաղա-ադրբերջանական սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյան հիշատակին: Այդ մոմերի մնացորդներն եւս բերել ու տարածել էին սահադաշտով մեկ: Հատուկ ինչ-որ մեկը ցանկանում է վնասել էս մեր նախաձեռնությունը, որ քաղաքի համար ենք անում: Բոլորն էլ գիտեն, որ ոչ մի շահ մենք էստեղ չունենք»: Տղաների համոզմամբ, գիշերային «վնասատուները», որոնք չունեն պոզ ու պոչ, չորքոտանի չեն, անգամ թեւեր չունեն, ցավոք սրտի պատկանում են երկոտանի մտածողների դասին. ունեն երկու ոտք, երկու ձեռք ու սահմանափակ ուղեղ: «Ես միշտ զարմացել եմ, թե մարդիկ ինչի շատ ժամանակ լավ բանը չեն ուզե տեսած էղնի»,-նեղսրտում է Գոռը:

Տղաների նախաձեռնությունն երկու նպատակ է հետապնդում՝ ապահովել երիտասարդների երեկոյան ժամանցը եւ չմուշկների վարձույթից ստացված գումարով օգնել անօթեւաններին ու սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին: Սահադաշտում կես ժամ սահելու համար սկզբում տղաները չմուշկների վարձույթի գինը սահմանել էին 300 դրամ:

«Հետո, որ տեսանք, թե ինչքան հաճախակի ենք ստիպված լինում չմուշկները տալ նորոգման, գինը դարձրեցինք 500 դրամ: Հավաքված գումարը բարեգործական նպատակների համար է ծառայելու: Դեռ չենք կողմնորոշվել, թե ինչ ենք անելու, բայց երբ որոշակիանա, անպայման տեղյակ կպահենք»,-խոստանում է Արսենը:

Վերջինս խոստովանում է, որ ոչ ինքը, ոչ իր ընկերները երբեք սահադաշտ չեն կառուցել: Առաջին փորձն էր ու մարդիկ, ովքեր երեկոները սահում են այստեղ՝ խոստովանում են, որ ստացվել է: Աշխատանքները սկսելիս ունեին ընդամենը 3 չմուշկ, որ տալիս էին ցանկացողներին, հետո փորձեցին դիմել կազմակերպություններին՝ հավելյալ չմուկներ ձեռք բերելու նպատակով:

Տղաներն հիմա էլ են խոստովանում, որ անվստահության մթնոլորտը շատերին ստիպում է մերժել իրենց խնդրանքը: Դիմել են Գյումրիում գործող բոլոր բջջային օպերատորներին, էլեկտրոնիկայի խանութների տնօրեններին, խոշոր կազմակերպություններն՝ չմուշկների ձեռք բերման խնդրանքով: Արձագանքել են քչերը:

«Արդյունքում օգնեցին ԱՄՆ-ում եւ Մոսկվայում բնակվող մեր ընկերները, իրանց օգնությամբ ձեռք բերեցինք 12 նոր չմուշկ,-տղաները ծիծաղում են, իսկ Արսենը շարունակում է թվարկել օգնության ձեռք մեկնած սակավաթիվ մարդկանց ու կազմակերպություններին,-«Լենտեքս» գուլպա-նասկեղեն արտադրող ձեռնարկությունը խոստացել է 5 չմուշկ գնել: Արձագանքել է թեմի առաջնորդը, որ մեզ թիակներ ու թեւկապեր տրամադրեն, օգնելու են տնտեսական մասով: Շատ արագ, առանց մեր դիմելու, «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանն է արձագանքել՝ տրամադրելով տաք գլխարկներ ու ձեռնոցներ, նաեւ այս փայտե տախտակամածները, որոնց օգնությամբ մարդիկ իջնում են սահադաշտ: «Վորլդ վիժն»-ը խոստացել է մոտ 30 չմուշկ տրամադրել»:

Տղաները հիգիենայի ապահովման նպատակով սահողներին տրամադրում են մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային մասիկներ: Որպեսզի կարգ ու կանոն ապահովվի, երեկոյան ժամերին սահադաշտի տարածքում շրջում են ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները՝ «հրեշտակները»: «Ճիշտ է, շտապօգնության մեքենա չի լինում տարածքում, բայց մեր ընկեր Ժոռան, որ աշխատում է «Կարմիր խաչ»-ում, միշտ մեզ հետ է ու կարող է առաջին օգնություն ցույց տալ»,-ասում է Ստեփանը: Տղաները գոհունակություն հայտնեցին նաեւ սահադաշտի դիմաց գտնվող «Պիանո» սրճարանից, որտեղ նրանց հնարավորություն են տալիս տաքանալ, թեյ ու սուրճ են հյուրասիրում:

«Մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքով են գործում տղաները: «Սա իմ մենաշնորհը չէ,- խոստովանում է նախաձեռնության հեղինակ Արսեն Վարդանյանը,-եթե չլինեին իմ 7 ընկերները, դժվար թե այս ամենը ստացվեր»: Արդեն 2 շաբաթ է` Ստեփան Կակոսյանը, Նարեկ Խաչիկյանը, Գեդեոն Սիմոնյանը, Դավիթ Սիմոնյանը, Աղասի Գյուրջօղլյանը, Հայկ Խառատյանը, Գոռ Թորոսյանն ու Արսեն Վարդանյանը քաղաքացիական նախաձեռնությամբ ստեղծված սահադաշտ են գալիս առավոտյան ժամը 10-ին ու հեռանում կեսգիշերին՝ մրսած, թրջված, սակայն ինչ-որ մի կարեւոր բան սեփական քաղաքում ստեղծած մարդու գոհունակությամբ: Նրանց միակ ցանկությունն առայժմ այն է, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց օգնել, գոնե չխանգարեն:

Երանուհի Սողոյան