Երաժշտության տոնը Բեռլինում


15:35 , 22 հունիս, 2012

Հիշում եմ` անցյալ տարի Երևանում երաժշտության տոնն էնքան էլ դուրս չեկավ. ֆրանսերենի դասից դուրս եկանք, Ֆրանսիական համալսարանի բակում համերգ էր: Լավն էր, լավ ուրախացանք: Հետո նստեցինք երթուղային, գնացինք Սիրահարների այգի, որտեղ կարծեմ էնպիսի երաժշտություն էր, որ մեր դուրը չեկավ: Նայում եմ անցյալ տարվա գրառումս ու տեսնում, որ հայտարարել եմ` անկապ էր:

Բայց իսկական անկապի համար պետք էր Բեռլին գալ: Իհարկե, եթե իսկական բեռլիներ լինեի, գուցե տոնից հաճույք ստանալու ձևը գտնեի, բայց քանի որ ես ու Գերմանիայի մայրաքաղաքն իրար հետ աչքով աչք չունենք, ուղղակի ոչ մի բան չհասկացա:

Ծրագիրը չնայեցի: Դե Բեռլինն է էլի. հաստատ ամեն անկյունում համերգ կլինի, կքայլեմ այս ու այն կողմ, կտեսնեմ` ինչ կա-չկա: Դուրս չգա, առաջ կշարժվեմ, նոր բան կփնտրեմ:

Որոշել էի ցերեկը Հումբոլտի գրադարանում պարապել: Չպատմեմ, թե ինչ մղձավանջների միջով անցա այնտեղ ու կատաղած դուրս եկա` երաժշտություն փնտրելով: Եղանակն ամենապայծառներից չէր. ահավոր ամպամած էր ու երբեմն-երբեմն մառախուղի թացությունն էիր զգում: Բայց լուրջ անձրև չկար:

Ու քայլեցի Բեռլինի փողոցներով: Քայլեցի փլեյերս միացրած` լսելով Լիլիթ Բլեյանի երգերը, որոնցից առայժմ չեմ կշտանում: Քայլեցի երգելով: Բայց Բեռլինում երաժշտություն չկար: Ալեքսանդրպլացում միայն շտապող մարդիկ էին: Ոչ մի երաժշտություն: Կյանքիս մեջ առաջին անգամ է, որ գալիս եմ Ալեքսանդրպլաց ու գոնե մեկ փողոցային երաժշտի չեմ տեսնում: Հետ եմ քայլում դեպի Ունթեր դեն Լինդեն: Դոմի մոտ ինչ-որ տարօրինակ խումբ թմբուկներ է նվագում: Չգիտեմ` տոնի հետ կապ ունի, թե ոչ, բայց երկու րոպե անց վերջանում է:

Հումբոլտի համալսարանի մոտով անցնելիս տեսնում եմ Երաժշտության տոնի պաստառը: «Երևի մի բան կա էստեղ»,- մտածում եմ ու ներս մտնում: 

Դահլիճում ակապելլա երգչախումբը ելույթ է ունենում: Հրաշալի է: Նայում եմ շուրջս: Ակնոցներով ու սանրած մազերով տղաներ: Համեստ հագնված կանայք: Սա Բեռլի՞նն է: Ու հասկանում եմ, որ Բեռլինը Կրոյցբերգով, հիփսթերներով ու բոհեմականներով չի վերջանում: 

Երգչախումբը կատարում է նաև Ռամշտայնի երգերից: Հրաշք էր: 


Հետո մեկ այլ երգչախումբ է բեմ բարձրանում: Սկզբում հավեսով եմ լսում, բայց հետո ցրվում եմ, որովհետև կարողանում եմ երաժշտության տոնի ամբողջական ծրագիրը ճարել և ուսումնասիրել, թե ինչ կա-չկա: Ազնավուրյան կոչվող սրճարան: Ժամը 20:30-ից ակուստիկ ռոք, հասցեն` Պրենցլաուեր բերգ, բայց փողոցի անունն անծանոթ է: Նայում եմ հեռախոսիս: Բաց թողնված զանգեր Միլայից: Հետ եմ զանգում: Սյուզանի ու Դանիելի հետ համերգ են փնտրում: Հայտնում եմ, որ ուզում եմ Պրենցլաուեր բերգ գնալ, բայց թե կոնկրետ որ մասը, ինչ, գաղափար չունեմ: Թարսի պես էլ Բեռլինի քարտեզը մոռացել եմ վերցնել:

Մտնում եմ տրանսպորտային ինֆորմացիոն կետ, ծրագիրը դեմ տալիս ու ասում. «Ինձ ասեք, թե ոնց էստեղ հասնեմ»: Աշխատողը ծրագիրը տպում է: Երկու կայարան դեպի Ալեքսանդրպլաց, հետո` տրամվայ: Միլան ու Դանիելը միանում են ինձ, Սյուզանը գնում է տուն:

Տրամվայից իջնում ենք: Հիմա պետք է քարտեզ գտնենք, որ իմանանք` ուր գնանք: Կանգառում կա: Քայլում ենք: Ձայները լսվում են: Մոտենում ենք: Ի՞նչ ակուստիկ ռոք: Բլյուզ խումբ է: Ժամը տասին ամեն ինչ ավարտվում է, ու գնում ենք տուն: 

Շարունակությունն՝ այստեղ