14:03 , 24 հունվար, 2014
Yerkir.am-ը գրում է.
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայն օրեր առաջ Երեւանում էր: Նա հասցրել էր լուսանկարվել Երևանում եւ Էջմիածնում` թուրքական ահաբեկչական«Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը հպարտորեն ցուցադրելով և այդ լուսանկարերն իր ֆեյսբուքյան էջով տարածելով: Նա Երեւանում հանդիպել էր թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակազմի հետ, զրուցել կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի հետ:
Երեւանի Հանրապետության հրապարակում «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը հպարտորեն ցուցադրած Օքթայի լուսանկարները, հասկանալի է, մեծ աղմուկ բարձրացրեցին հատկապես համացանցում: Թեման ավելի թեժացավ, երբ Yerkir.am-ը հայտնաբերեց լուսանկարներ, որոնցում Օքթայը վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ է: Վերջիններիս մամուլի քարտուղարները, իհարկե, հերքեցին, թե թուրք ազգայնամոլը հանդիպումներ է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ վարչապետի հետ` նշելով, թե նա այն հազարավոր մարդկանցից է, ովքեր մոտենում եւ ցանկություն են հայտնում լուսանկարվելու:
Օքթայի հետ հանդիպելու եւ լուսանկարվելու վերաբերյալ Yerkir.am-ին արդեն պարզաբանումներ են տվել Հակոբ Չաքրյանը, Ռիչարդ Կիրակոսյանը եւ Վարդուհի Իշխանյանը: Հարկ է նշել, որ, կարդալով պարզաբանումները, մի շարք հարցեր են ծագում, եւ հակասական իրավիճակ է ստեղծվում: Yerkir.am-ը փորձել է լսել նաեւ երկրորդ կողմի` Հասան Օքթայի բացատրությունները: Բնականաբար, մենք չենք կարող վստահ լինել նրա անկեղծությանը, բայց որոշ հարցերի վերաբերյալ նրա մեկնաբանությունները չենք կարող անտեսել:
Նախ` սկսենք ամենապարզ հարցից: Ըստ Վարդուհի Իշխանյանի` Օքթայն իրենց զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ «ուզում են Հայաստանում գործակալություն բացել` «Անադոլու» գործակալության մասնաճյուղը»: Ավելին` նա անգամ հետաքրքրվել է, թե հայ հասարակությունն ինչպե՞ս կընդունի դա: Մեզ հետ զրույցում Օքթայը, սակայն, կտրականապես հերքում է, թե «Անադոլու» գործակալության հետ կապ ունի, եւ սա այն դեպքում, երբ կայքի խմբագրություն գնացել է «Անադոլու» գործակալությունը ներկայացնող լրագրողի հետ: «Ես Kafkassam հետազոտական կենտրոնի նախագահն եմ: Ձեր ասած«Անադոլու»-ի հետ հեռվից-մոտիկից ոչ մի կապ չունեմ: «Անադոլու»-ն պետական կառույց է: Իսկ Kafkassam-ը` անկախ հիմնարկ: Ես գրեթե 10 տարի է` այցելում եմ Հայաստան և հանդիպումների ժամանակ հնարավորինս նկարվում եմ ու այն ամեն տեղ ցուցադրում, որովհետև Հայաստանը փակ հասարակություն է, և այնտեղ պետք է լինենք ջերմ, իրատես և հնարավորինս բաց: Ծածուկ իրականացվող հարաբերություններ, իհարկե, կարող են լինել»,-կարծիք հայտնեց Օքթայը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ