Սառեցված հակամարտությունը ամեն դեպքում պատերազմից գերադասելի է. պետք է բանակցել


10:51 , 24 հունվար, 2014

Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն մի շարք հարցեր, հստակեցվի նախագահների մակարդակով հերթական հանդիպումը:
Զարմանալի է, որ ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում նշում է. «Մեր զինվորներին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություններ վարի՞»:
Ով-ով, պարոն Վլ.Կարապետյանը, որպես ՀՀ ԱՆ նախկին աշխատակից, շատ լավ պետք է իմանա, որ բանակցությունները չբանակցելուց լավ է, սառեցված հակամարտությունը ամեն դեպքում պատերազմից գերադասելի է: Պետք է բանակցել, եթե թեկուզ կես տոկոսի ակնկալիք կա…ԱՆ-ում աշխատած Վլ. Կարապետյանը պետք է իմանար, որ նույնիսկ պատերազմող երկրներն են բանակցել, եթե դրա կարիքը եղել է, առավել ևս, դա խիստ անհրաժեշտ է տարիներ ի վեր ձգձգվող այս կոնֆլիկտի պայմանններում…Գուցե՞ պրն. Կարապետյանը հենց այդ ֆոնին անդրադառնար համանախագահների ոչ ադեկվատ պահվածքին...
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, արձագանքելով հունվարի 20-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը, իր թվիթերյան էջում գրառում է կատարել և շեշտել, որ բռնություններն ու լարվածությունը շփման գծում խոչընդոտում են խնդրի խաղաղ կարգավորմանը: Ցավոք, ոչ մի դատապարտող խոսք չհնչեցնելով՝ այն իրականացնող ադրբեջանական կողմի հասցեին…
Ավելին, նրա ֆրանսիացի և ռուս գործընկերները նույնիսկ հարկ չհամարեցին այս կամ այն կերպ անդրադառնալ այդ միջադեպին՝ պահպանելով քար և անտարբեր լռություն…
Ի վերջո, երբ պետք է վերջ տրվի երկդիմի, երկակի ստանդարտների քաղաքականությանը և հավասարեցված գնահատականներին, արձագանքներին, կոչերին, չգիտես՝ ինչու, ուղղված նաև Հայաստանին: Ի վերջո, երբ պետք է համանախագահները, միջազգային կառույցները ուղղակիորեն, բացեիբաց, օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և սադրանքներին: Գուցե ձեռք չի տալի՞ս...Բա պաշտո՞նը, գործուղումնե՞րը, հյուրասիրություննե՞րը, նվերնե՞րը...Զրկվեն այդ ամեն ինչի՞ց...

Իմ կարծիքով, մեր բոլոր զոհված զինվորների արյունը խոշոր տերությունների, այդ տարիներին բանակցություններին մասնակցած բոլոր համանախագահների խղճի վրա է…