09:22 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանը միշտ պատերազմելու է Հայաստանի հետ, թե ՀՀ-ն չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությանը և ադրբեջանական դիվերսիոն գործողություններին:
Նա պատմեց, որ հունվարի սկզբից Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցուցումներ է տվել Նախիջևանի ռազմական կետերին, նրա տեղակալը ստուգել է ռազմական բոլոր կենտրոնները, որոնք տեղակայված են հայ-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծում: Ըստ նրա՝ մինչ այսօր չի եղել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը այդպես մանրամասնորեն ուսումնասիրի և ստուգի շփման գծում տեղակայված զորքերը: Ի դեպ, փորձագետը տեղեկացրեց նաև, որ թուրքական զորքերը հունվարի տասին ժամանել են Բաքու, ինչը ևս պատահական չէ:
«Արդեն խոսակցություններ կան, որ Ադրբեջանը հակատանկային սպառազինություն է ցանկանում ձեռք բերել Թուրքիայից: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը եղել է նաև Փարիզում, և Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Իսկ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Դավոսի ֆորումին, հանդիպել է Ռասմուսենի հետ, իսկ ռազմական միջադեպերն ավելի սրվել են, որոնք երկու կողմերում էլ հանգեցնում են զոհերի: Ու ամենազարմանալին այն է, որ ոչ մի դիվանագիտական ու քաղաքական հաղորդագրություն չկա, մամուլում միայն ռազմական գործընթացների մասին խոսակցություններ են: 2014 թ. շատ բարդ տարի է լինելու, դժվար է լինելու խուսափել պատերազմից»,- ասաց փորձագետը:
Վերջինս նշեց, որ լարվածության պատճառը հենց ԼՂ հակամարտության չլուծված լինելն է: «Հայաստանն այս քսանհինգ տարիների ընթացքում չկարողացավ լուծել հակամարտությունը, իսկ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը միջոցներ են փնտրում լուծման ուղղությամբ, որին Հայաստանը խանգարում է, ցանկանում է իր աշխարհայացքն ընդունելի դարձնել, բայց դա տեղի չի ունենալու: Իսկ կոնկրետ ԼՂ հակամարտությունը Հայաստանի միակ խնդիրը չէ, ՀՀ-ն ունի ներքին խնդիրներ, ու այս մասին խոսակցություններն ունեն հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակ: Հայկական կողմը ձգտում էր հետաձգել ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում, սակայն հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքը հայտարարություն տարածեց, համակերպվեցին հանդիպման հետ, բայց արդյունավետ չի լինելու, քանի որ քննարկելու են պատահարները, Արմեն Հովհաննիսյանի դեպքը, իսկ թե հետո ինչ պետք է լինի, դա չի էլ քննարկվելու: Կա մեկ ճանապարհ՝ լուծել հակամարտությունը, պետք է հայկական կողմը համակերպվի, որ ԼՂ-ն Ադրբեջանինն է ու պետք է վերադարձնել Ադրբեջանին՝ դրանով Ադրբեջանին դարձնելով բարեկամական երկիր: Ադրբեջանի տեսանկյունից բանակցային գործընթացում որևէ զարգացում չկա: Ադրբեջանը միշտ պատերազմելու է Հայաստանի հետ, եթե Ղարաբաղը չվերադառնա Ադրբեջանին»,- ասաց փորձագետը: