Ֆրանսիայի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության հարցը. դեսպան


09:03 , 24 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:

Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կապերը՝ նշել է դեսպանը:

«Ֆրանսիան Թուրքիայի վաղեմի դաշնակիցն է, եվրոպական կարևոր բարեկամական երկիր: Սակայն, ցավոք, Ֆրանսիան ոչ վաղ անցյալում դրական դեր չի խաղացել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության հարցում: Հուսով ենք, որ ձեռք կբերվի ավելի մեծ զարգացում: Ակնկալում ենք, որ Ֆրանսիան կզբաղեցնի ավելի կառուցողական դիրքորոշում ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցման ժամկետի հարցում»,- ասել է դեսպանը: 

Թուրք դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ Օլանդի հանդիպման ժամանակ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք կբարձրացնենք ղարաբաղյան հարցը՝ որպես ամենակարևոր հարց ոչ միայն Ֆրանսիայի, այլև աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերություններում: Ազգային տեսանկյունից գոյություն ունի երկու կարևոր հարց՝ Հյուսիսային Կիպրոսի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ թեման պարտադիր կքննարկվի»,- ասել է Ջոշգունը: 

Թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հրավերով Օլանդը Թուրքիա կայցելի հունվարի 27-28-ին: Դա կլինի վերջին 22 տարում Ֆրանսիայի նախագահի առաջին այցը Թուրքիա: