16:44 , 23 հունվար, 2014
Ուզում եմ գոհունակությունս հայտնել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քիչ առաջ կատարած քայլի կապակցությամբ: Ես ուզում եմ հավատալ, որ Շիրակի մարզի ոստիկանապետի այսօրվա պաշտոնանկությունը վերջ կդնի այն ապօրինություններին ու անպատժելիության մթնոլորտին, որ կա հիմա այդ մարզում: Սկզբում մեծ հույսեր էինք կապում նաև Բաբակեխյանի հետ, մտածում էինք՝ կգա ու կփոխի իրավիճակը: Բայց եկավ ու, ինչպես երևում է, շարունակեց իր նախորդի ավանդույթները, ու հանցագործներին պատժելու փոխարեն՝ նրանցից կաշառք էր վերցնում ու բաց թողնում: Ու նրա պատճառով է, որ Վարդանիկն ու իր ստոր որդին այդքան լկտիացել էին: Քի՞չ ենք լսել, որ Գյումրիում այս երկու սրիկան անարգել աղջիկներ են բռնաբարում, կրակում են, սպանում, իսկ պատիժը դրան չի հետևում: Չգիտեմ՝ ինչու ռեֆորմատոր Գասպարյանը նրան վաղուց չէր հանում: Գուցե չգիտե՞ր, գուցե ա՞յլ պատճառ կա. մեղադրել չեմ շտապում: Ամեն դեպքում, ապրի: Հարգանքներս ձեզ, պրն. Գասպարյան: Ականջներս սրած սպասելու եմ, թե ինչպես են շաբաթներ անց հայտարարելու Գյումրիում լայնամասշտաբ ձերբակալությունների մասին:
Հարցում իր դերն է խաղացել նաև առավոտյան գրառումս` Վարդանիկի որդու հերոսությունների ու Շիրակի մարզի ոստիկանության անվճռականության մասին: Անգամ եթե չի խաղացել, էլի հոգ չէ, և լավ է, որ ոստիկանապետը ուզում է փոփոխություններ անել ոստիկանությունում, կոտրել ոսկրացած կարծրատիպերն ու մտածելակերպը: Եվ Բաբակեխյանի պաշտոնանկությունը դրա վառ ապացույցներից մեկն է: Հույս ունեմ, որ նույն հետևողականությամբ Շիրակի մարզում ու մասնավորապես Գյումրիում վերջապես կարգուկանոն կհաստատվի: