Մարդկային միսն ու արյունը, որպես դեղամիջոց, նույնիսկ Հռոմի Պապն է օգտագործել


22:10 , 23 հունվար, 2014

Հին Հռոմում խմում էին սպանված գլադիատորների արյունը: Համարվում էր, որ այդպես մարդուն կենսական ուժ է փոխանցվում: XV դարում իտալացի փիլիսոփա և աստղագետ Մարսիլիո Ֆիչինոն նույն նկատառումներով խորհուրդ էր տալիս խմել երիտասարդ մարդկանց արյունը: XVI դարում նույն կարծիքին էր նաև հայտնի Պարացելսը: Անգամ արյան հիվանդությունների դեպքում արյուն էին խմում: Հատկապես բարձր էր գնահատվում կույսերի արյունը: Բժշկության այդ մեթոդը հասանելի էր միայն հարուստներին: Աղքատ մարդիկ գալիս էին դիտելու մահապատիժները և այնուհետև դահիճից մի քիչ տաք արյուն էին գնում: Պահպանվել է թարմ արյունից մարմելադ պատրաստելու 1679թ.-ի բաղադրատոմսը:

Բաղադրատոմս Basilica chymica գրքից (1608թ.)

  Վերցրեք 24-ամյա կարմրահեր երիտասարդի մաքուր, չվնասված դիակը՝ մահապատժի ենթարկված ոչ ավելի քան մեկ օր առաջ՝ ցանկալի է կախաղան կամ ցցին հանելու միջոցով, դիակը մեկ օր պահեք արևի և լուսնի տակ, այնուհետև մեծ կտորների մասնատեք և վրան անուշահոտ խեժի և ալոեի փոշի ցանեք, որպեսզի այն շատ դառը չլինի:

Եվրոպայում բոլորովին վերջերս առաջացել էր ոչ թե այն հարցը՝ «ուտել, թե չուտել մարդկային միսը», այլ «կոնկրետ՝ որ մասն օգտագործել»: Ամենահայտնի բժշկական միջոցներից մեկը ծեծած, մանրացված եգիպտական ​​մումիան էր: Համարվում էր, որ մումիայի թուրմը կանգնեցնում է արյունահոսությունը: Մյուս մոգական միջոցը մարդկային գանգն էր: Նրանով բուժում էին գլխացավերը: Գերմանացի բժիշկներն օգտագործում էին մարդկային ճարպը, որով ներծծում էին վիրակապերը:  

Այդ ավանդույթները զարմանալիորեն երկար են պահպանվել: 1847թ.-ին անգլիացիներին խորհուրդ էին տալիս էպիլեպսիայի դեմ օշարակից և երիտասարդ կնոջ գանգից խառնուրդ օգտագործել: Մանրացված մումիաները գրանցված են որպես դեղամիջոց XX դարի նոթատետրերում:

Անգլիայի թագավոր Կարլ II կանոնավոր կերպով խմում էր մարդկային գանգից պատրաստված թուրմ: Առավել արժեքավոր էին համարվում Իռլանդիայի գանգերը, և թագավորի համար վերջիններս հատուկ բերվում էին այնտեղից:  

Հասարակական մահապատիժների վայրերում էպիլեպսիայով հիվանդ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում: Համարվում էր, որ գլխատման ժամանակ դուրս պրծած արյունը կարող է բուժել այդ հիվանդությունը:

Հռոմի Պապ Իննոկենտի VIII պարբերաբար խմում էր երեք տղաներից քամված արյունը:  

Աստիճանաբար մարդկային մարմնից դեղամիջոցներ ստեղծելու տեխնոլոգիաներն ավելի զարգացան: Բժիշկները հայտարարում էին, որ նրա ուժն ավելի է մեծանում, եթե դա լինի ինքն իրեն զոհաբերած մարդու դիակը: Օրինակ, Արաբական թերակղզում 70-80 տարեկան տղամարդիկ տալիս էին իրենց մարմինները՝ մյուսների փրկության համար: Նրանք ոչինչ չէին ուտում, միայն մեղր էին խմում և լոգանք ընդունում: Երբ «քաղցր ծերունիները» մահանում էին, նրանց տեղադրում էին քարե սարկոֆագի մեջ, որը կրկին լցված էր մեղրով: 100 տարի անց մասունքները հանվում էին: Այդպես հատուկ դեղամիջոց էին ստանում, որն, ինչպես համարվում էր, կարող էր մարդուն բուժել բոլոր հիվանդություններից: