13:01 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
2013 թվականը լրագրողների և լրատվամիջոցների համար նկատելիորեն լարված տարի էր՝ պայմանավորված նախագահական, Երևանի ավագանու, քաղաքացիական ակտիվության և մի շարք այլ իրադարձություններով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. տարեկան զեկույցը:
«2013-ին ավելացել են ընդդեմ լրատվամիջոցների դատական գործերը՝ ընդհանուր առմամբ 24 գործ: Մինչդեռ 2012-ին լրատվամիջոցների դեմ հարուցվել է 17 դատական գործ: Դատական գործերի ավելացման միտումը նկատելի էր դեռ նախորդ տարվա սկիզբներին: Ընդ որում, մեր դիտարկումներով, դատերն առավել հաճախ շահում են հայցվորները: 2013-ին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտվել են 77 անգամ, այն դեպքում, երբ 2012-ին գրանցվել է 64 նման դեպք: Այսպես, 2013-ին գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության տասը դեպք՝ 6-ով ավել, քան 2012-ին և տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խխատման տասը փաստ, ինչը 2012-ի համեմատ քիչ է 13 դեպքով: Լրագրողական գործունեության խոչընդոտման դասական օրինակ էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ Տնտեսագիտական համալսարանի ուսանողների լկտի և կազմակերպված դիմադրությունը: Նախորդ տարիների համեմատ՝ վիճակագրությունը դրական է տեղեկատվություն ստանալու մասով»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ հայաստանյան լրատվամիջոցների համար անցած տարին, ընդհանուր առմամբ, ավելի լարված ու դժվար էր:
Նրա խոսքով, Վրաստանում լրատվամիջոցները գործում են առավել բարվոք վիճակում: «Սակայն ոչ ոք խոսքի ազատությունը չպետք է շփոթի սանձարձակության և զրպարտության հետ»,- ամփոփեց Աշոտ Մելիքյանը: