12:25 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանական օրացույցում կան օրեր, որոնք առավել վտանգավոր են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայկական կողմից վրեժ լուծելու տեսակետից. այդ օրերից մեկը հունվարի 20-ն էր: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ հակառակորդի կողմից դրսևորվող ագրեսիան պայմանավորված է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխությամբ:
«Վերջինս պրոֆեսիոնալ ոստիկան է եղել և սահմանին կատարվող գործողությունները վարում է Իլհամ Ալիևի աչքին բարձրանալու և ինքնահաստատվելու համար: Բացի այդ, ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքը պետք է բացատրել առաջիկայում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմամբ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հստակ աղբյուրներից տեղեկացել է, որ հակառակորդի վերջին դիվերսիայի ընթացքում զոհվել է 7, վիրավորվել 20-30 ադրբեջանցի, ընդ որում՝ Մարտակերտի շրջանում՝ չեզոք գոտում, հունվարի 20-ից առ այսօր ադրբեջանցի երկու զինվորի դի է մնացել:
Լևոն Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ցանկացած ադրբեջանցի զինվոր մարդասպան է: «Ալիևի նմանօրինակ հայտարարությունը մեզ իրավունք է տալիս ազատորեն գործել սահմանում՝ ոչնչացնելով ադրբեջանական բանակի հագուստով շարժվող ցանկացած օբյեկտ:
Միաժամանակ մենք չպետք է սպասենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: Ես վստահեցնում եմ, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ պատերազմում հաղթանակի մեջ, գոնե երկու-երեք շաբաթ տևողությամբ պատերազմ անպայման կսկսեր:
Մանրամասներ չեմ կարող հայտնել, սակայն հավաստիացնում եմ, որ հայկական բանակն իր սպառազինությամբ ու զինամթերքի քանակով չի զիջում ադրբեջանականին, տեղ-տեղ անգամ գերազանցում է»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: