Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանին և Գևորգյաններին են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները


11:33 , 23 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և Հայաստանի 5 քաղաքացիների, որոնք մեկ ընտանիքի անդամներ են: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային:

Նրա խոսքերով՝ այցելությունը կայացել է երեկ երեկոյան: ԿԽՄԿ ներկայացուցիները նրանց փոխանցել են տեղեկատվություն հարազատների մասին և նրանցից տվյալներ են վերցրել ընտանիքի անդամներին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր և հատել Ադրբեջանի սահմանը: Ադրբեջանում են գտնվում նաև Հայաստանի քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները: