10:31 , 23 հունվար, 2014
Panarmenian.net-ը գրում է.
Հակառակորդը կրկին ամբողջ գիշերվա՝ հունվարի 22-ից՝ լույս 23-ի, ընթացքում անկանոն ու հաճախակի կրակի տակ է պահել հայ-ադրբեջանական սահմանը, PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հաստատեց երեկոյան տարածվող տեղեկությունները, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ ևս կրակել են։
Ըստ դրանց՝ հակառակորդն ակտիվ կրակել է Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ, կրակոցները դադարել են ժամը 22։00-ի սահմաններում։
Գյուղի բնակիչներից մեկի խոսքով, արդյունքում վնասվել է գյուղը գազով սնուցող խողովակների մի հատվածը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Մի քանի ժամ տևած կրակոցներից մարդիկ չեն տուժել, գրում է Panorama.am-ը։ Ըստ Հովհաննիսյանի, սակայն, Տավուշի ուղղությամբ կրակոցները համեմատաբար ավելի քիչ են եղել, քան սահմանին։
Արդեն մի քանի օր է՝ հակառակորդը գիշերներն ակտիվ կրակում է թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ։
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:
Երեկ՝ հունվարի 22-ին, մամուլի ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին նշել էր, որ Ադրբեջանն արհամարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ խաղաղության մասին կոչերը՝ ձևացնելով, թե վերջիններս այլ կարծիք ունեն, ու որ նրանց հայտարարություններն իրեն չեն վերաբերվում: Նախարարը նաև համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ հասկանում է, բայց փորձում է իր ժողովրդի համար պատրանքնենր ստեղծել:
Նալբանդյանը նշել էր նաև, որ հարցով բանակցությունները շարունակվում են: Արդեն այսօրէ՝ հունվարի 23-ին, նա կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իսկ արդեն հաջորդ օրը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարին։
Անդրադառնալով վերջին օրերին շփման գծում ադրբեջանցիների սադրանքներին, ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ դրանք միտված են բանակցային գործընթացում հավելյալ խոչընդոտների ստեղծմանը: Այդ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը. «Բանակցությունները պետք է շարունակել՝ այլ տարբերակ չկա», - ասել էր ԱԳ նախարարը:
Հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերը ադրբեջանցիների բացած կրակից հայկական կողմից զոհեր չկային: ԼՀՂ ՊԲ մամուլի ծառայության տեղեկացմամբ, այդ գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինուժը մոտ 240 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց: Ինչպես հունվարի 21-ին պատմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հունվարի լույս 20-ի գիշերն ադրբեջանցիների մոտ 30 հոգուց կազմված դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնող հայկական ստորաբաժանումը բաղկացած էր 9 հոգուց: «Արդյո՞ք սա հերոսություն չէ»,- հավելել էր նախարարը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն էր հայտնել շփման գծում միջադեպերի վերաբերյալ: «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են բանակցային գործընթացը: Ափսոսում եմ այսօրվա մահվան համար»,- twitter-ի իր էջում գրել էր համանախագահը: