09:15 , 23 հունվար, 2014
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից հատվածներ.
«Ինչպես հայտնի է, մենք մեր մասին ավելի լավ ենք մտածում, քան կանք իրականում։ Դեռ Քարնեգիի հանրաճանաչ գրքում նկարագրված է մի դեպք, երբ մարդասպանն ու գանգստերը մահապատժից առաջ հայտարարում է, որ իր ողջ կյանքը նվիրել է մարդկությանը; Այդպես էլ մեր պաշտոնյաներից շատերը վստահ են, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ազգօգուտ գործ են արել և դրա դիմաց արժանի են ունենալ որոշակի նյութական բարիքներ։ Վերջերս նման մի պաշտոնյա զայրացած զանգել էր ինձ և հարցրել՝ միթե նա արժանի չէ այդքան տարվա աշխատանքից հետո ունենալ մի «համեստ տնակ», որը, սակայն, կառուցելու համար անհրաժեշտ կլիներ նրա մոտ 300 տարվա աշխատավարձը։
Ուզում եմ ասել՝ ճիշտ չէ, որ մարդիկ կեղծում են՝ ասելով, որ իրենք ազնիվ են ու բարեպաշտ, ոմանց իրականում թվում է, թե նրանք հենց այդպիսին են։
Այդ «կիսասուրբ» պաշտոնյաների խորապատկերի վրա աչքի է ընկնում «ամբողջապես սուրբ» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը, վստահ եմ, անկեղծորեն կարծում է, որ բարեպաշտ և աստվածավախ մարդ է։ Եվ երբ ժամանակ առ ժամանակ հայտնի են դառնում պարոն Ղուկասյանի ընտանիքի անդամների կրիմինալ քաջագործությունները, նախկին քաղաքապետը անկեղծորեն զայրանում է և իր ամբողջ ցասումը թափում լրատվամիջոցների վրա։ (Ճիշտ է, հանուն արդարության պետք է ասել, որ «մրցակցող կլանը» Ղուկասյաններից ոչնչով լավը չէ և իր «մրցակցային խնդիրները» նույնպես լուծում է կրակոցներով՝ վնաս տալով անձամբ պարոն Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին)։
Հիմա, երբ հրապարակվել է ներկայիս քաղաքապետի տան ուղղությամբ կրակոցների տեսագրությունը, վստահ եմ՝ Ղուկասյանի՝ իրավաբանորեն գոյություն չունեցող «գրասենյակը» (վերջերս այդ «գրասենյակները» բազմացել են) դարձյալ լուտանքներ կթափի լրագրողների վրա, և նույնը կանեն ծածկանուններով հանդես եկող «գրասենյակի» ներկայացուցիչները։
Ինչ արած, մարդկանց ինքնագնահատականը սովորաբար հեռու է լինում իրականությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։