07:27 , 23 հունվար, 2014
Hetq.am-ը գրում է.
Մանուկ Սահակյան
2010 թ.-ին մեկ տարի տևած դատավարությունից հետո ես դատապարտվեցի ցմահ ազատազրկման և քրեակատարողական հիմնարկի աշխատողների ուղեկցությամբ հայտնվեցի ցմահ դատապարտյալների խցերից մեկում: Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություն ունեի. հույսերի և նպատակների սպառում, դատարկություն, կյանքի ավարտի հետ համակերպում, ավելի ճիշտ՝ ոչինչ չէի զգում: Այդ խցում մարդիկ այլ էին. նրանք հետաքրքրությամբ ու ցավով հետևում էին ինձ: Այդ աչքերի մեջ մեծ դժվարությամբ, բայց նկատեցի հույս և սպասում: Տարիների ընթացքում, կարծում եմ, իմ աչքերն էլ են նմանվել նրանց աչքերին: Այդ օրվանից տարիներ են անցել, և ես հաճախ եմ տեսել, թե ինչպես են դրանք լցվում հույսով, իսկ ժամանակ առ ժամանակ՝ կորցնում են հույսը և լցվում հուսախաբությամբ: Սա հետևանք է նորությունների, որոնք ցմահ դատապարտյալները լսում են մեծ ուշադրությամբ, երբ խոսքը գնում է որևէ բարեփոխման մասին, ավա~ղ հետագայում դրանք մոռացության են մատնվում: Մի քանի օր առաջ այդպիսի մի նորություն էր լսել խցակից ընկերս` Ժուլվերն Հովհաննիսյանը, և մեծ ոգևորությամբ կիսվեց ինձ հետ: Նրան այդ նախագիծը չէր առնչվում, բայց ոգևորությունը պատահական չէր. նա 52 տարեկան է և կյանքի փորձից ձեռք է բերել իմաստություն, հաճախ ինձ հուսադրում է, ոգևորում, ամեն առիթի կրկնում. «Մենք մեր կյանքն արդեն ապրել ենք, բայց գոնե երիտասարդների համար մի բան փոխվի»:
Կարծում եմ՝ շատ դատապարտյալների աչքեր են լցվել հույսով, որ կցանկանայի ապարդյուն չլիներ: Վերջերս նաև մի կարծիք լսեցի, որ ցավոք եզակի չէ և շատերի մոտ ձևավորված կարծրատիպ է, որի մասին գրել եմ «Մարդ աստվածներ» հոդվածում. խոսքը հետևյալի մասին է՝ անմեղ մարդիկ ճաղերի հետևում չեն հայտնվում: Ես ստիպված եմ խախտել լռությունս, որ շատ երկար եմ պահել: Երկու բան կասեմ իմ քրեական գործից և չեմ ձանձրացնի.
1.Իրենց գործում ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանքով մարդկանց խոշտանգելու մեջ մասնագիտացած ոստիկանները ինձ վրա ուժ են գործադրել ոչ թե որ ընդունեմ մեղքս, այլ հակառակը տամ իրական մարդասպանի անունը, ում մատնահետքերը գործում առկա են:
2.Դատավարության ընթացքում փորձագետների եզրակացությունից և իմ պատասխանից հետո, երբ չէի կարողանում նորմալ պատասխաններ տալ, դատավորն էլ կասկածանքով էր մոտենում իմ կողմից սպանություն կատարելուն, բայց երբ պաշտպանս խոսել էր նրա հետ ասելով, որ դուք էլ եք հասկանում, որ նա չէ սպանություն կատարողը և խնդրել էր, որ լրացուցիչ փորձաքննություն իրականացնեն, դատավորը պատասխանել էր, որ եթե փորձաքննությամբ բացահայտվի, որ նա չէ մարդասպանը, ի՞նչ անեմ՝ հո չե՞մ ընկնելու ամբողջ երկրով հանցագործ գտնեմ: Կարող է հարց առաջանալ, թե ինչու չեմ բարձրաձայնել դրա մասին. տեսնում եմ իմ բախտակից ընկերների նկատմամբ իրականացված բացահայտ իրավախախտումներով գործերը, դրանց բարձրաձայնումն ու անտեսումը: Նաև չգիտեմ, թե ինչ հետևանքներ կլինեն դրանց բացահայտումից, սակայն մտադիր եմ գիրք գրել, որտեղ կփորձեմ տալ այս հարցերի պատասխանները: Ի՞նչ զգացողություններ կարող է ունենալ մարդն, ով դատապարտվել է ոչ իր կողմից կատարված հանցագործության համար, բարձրաձայնում է դրա մասին և մնում անտեսված և ի՞նչ ապրումներ կարող է ունենալ, երբ լռում է: Թող կարծիք չստեղծվի, որ ես մյուս ծայրահեղ կարծրատիպի կրողն եմ. անմեղները բանտում են, մեղավորները՝ դրսում: Իհարկե, երկուսն էլ չափազանցված արտահայտություններ են, շատ են դատապարտյալները, ովքեր դատապարտվել են իրենց կողմից կատարված հանցագործության համար, բայց նույնիսկ աշխարհի ամենակայացած դատական համակարգ ունեցող երկրներում մեծ ջանքեր չեն պահանջվի դատական սխալների հետևանքով անարդար դատավճիռներ գտնելու համար, էլ ուր մնաց՝ ՀՀ-ում:
ՀՀ-ում ինչքան ցանկանաք կարող եք գտնել և՛ անմեղ դատապարտվածներ բանտերում, և՛ իրենց կողմից կատարված հանցագործությունից ավելի խիստ պատիժ կրողներ, ինչպես նաև՝ անպատժելիներ ազատության մեջ: Իմ գրած հոդվածներով ես նպատակ չունեմ քննադատել կամ վատաբանել իշխանությունների անգործությունն ու իրական բարեփոխումներ կատարելու կամքի բացակայությունը, դրանք ակնհայտ խնդիրներ են, ուռճացման կարիք չունեն: Նաև չեմ տարանջատում իշխանությունն ու հասարակությունը: Ցանկացած երկրում էլ իշխանությունը գործում է ըստ հասարակական պահանջի, և հույս ունենալ, որ առանց խնդիրների բարձրաձայնման, իրավունքների պահանջի իշխանությունը կդրսևորի բարեփոխություն և ճիշտ քաղաքականություն իրականացնելու կամք, առնվազն սխալ կլինի: Հասկանում եմ նաև, որ ցմահների խնդիրները գուցե և առաջնային չեն համարվում, բայց դրանք հետևանք են ընդհանուր քաղաքականության, և պետք չէ մոռանալ, որ խոսքը ճակատագրերի մասին է:
Վերջում՝ շնորհակալությունս նրանց, ովքեր կարծրատիպեր չեն ճանաչում, ովքեր փորձում են օգնել դատապարտյալներին նրանց նկատմամբ իրականացված անարդար դատավճիռների բացահայտմանը, ովքեր ցանկանում են, որ մարդկանց հնարավորություն տրվի փոխվելու և վերադառնալու հասարակություն` արթնացնելով նրանց աչքերի հույսը: