00:43 , 23 հունվար, 2014
Կարդում եմ՝ լրատվականներից մի քանիսը առանց երկար-բարակ մտածելու գրում են, որ ադրբեջանցիները կրակ են բացել Ներքին Կարմրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ: Էս ի՞նչ եք անում: Չեմ հասկանում՝ դուք ընդհանրապես չե՞ք պատկերացնում, թե ինչ «հերոսություն» եք անում: Գրում են, թե գյուղերի բնակիչները մեքենաները պատրաստ պահած սպասում են, որ ամեն րոպե գյուղը լքեն: Իսկ դուք գիտեք, որ էդ սահմանամերձ գյուղերի բնակիչները, որ գրել եք, թե հեսա գյուղից հեռանալու են, սովոր են կրակոցների ձայներին, ու իրենք չեն պատրաստվում լքել իրենց տունը: Պինդ մարդիկ են էդ գյուղերում ապրում, իրենք չեն վախենում ադրբեջանցու կրակոցից: Կրակոցների ժամանակ ուղղակի տուն են մտնում, իսկ դուք գրել եք, թե եսիմ որտեղ են թաքնված: Գոնե մի անգամ սահմանամերձ գյուղերի էրեխեքին հարցրե՞լ եք՝ վախենում եք կրակոցի ձայներից, թե ոչ: Միանգամից պատասխանեմ իրենց փոխարեն. չեն վախենում: Էդ գյուղերում Հովսեփիկի ու Արկադիկի պես էրեխեք են ապրում, որ երազում են զինվոր դառնալու ու իրենց գյուղը պաշտպանելու մասին, ոչ թե մի կրակոցից գյուղից փախչելու: Եթե էդ մարդիկ իրար խառնված չեն, էլ էստեղ Երևանում նստած ինչու եք զոռով տագնապ առաջացնում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կմտածի այդ գյուղերից մեկի բնակիչը, որը հանգիստ նստած է իր տան մեջ ու իր տղային դաստիարակում է, որ Արմենի պես զինվոր դառնա, հանկարծ կարդա այդ լուրը: Հետևանքների մասին մտածե՞լ եք: Էդ կրակոցները իրենք միշտ են լսում, բայց պետք չի գրել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում: Ես, որ գիտեմ, թե էդ գյուղերի բնակիչները ոնց են ապրում, իրենց օրն ինչպես է անցնում, այդ նյութը կարդալիս մի պահ շփոթվեցի, բայց դե... մենակ ես չեմ չէ՞ կարդում: Ովքեր ապրում են Տավուշի սահմանամերձ գյուղերում, իրենք հեռանալու փոխարեն լռիվ ուրիշ բանի մասին են երազում՝ մնալու ու գյուղը ոտքի կանգնեցնելու՝ թուրքի ինադու: