«Էս պայմաններում ով էլ ապրի, հիվանդություն կունենա»


05:54 , 23 հունվար, 2014

Hetq.am-ը գրում է.

«Ասում են` էրեխեք բերեք, հայ ազգը շատացրեք, դե բերել եմ թող պահեն»,- դժգոհում է հանրակացարանի բնակչուհի 3 անչափահաս երեխաների մայր Մարիամ Օթարյանը: Նրա 5 շնչից բաղկացած ընտանիքը 4 տարի բնակվում է Սեւանի Շինարարների 1 հասցեում գտնվող հանրակացարանում: Մարիամի խոսքերով` երեխաները հաճախակի են հիվանդանում, քանի որ սանիտարահիգիենիկ պայմաններ չկան. բնակարանը ցուրտ ու խոնավ է, անցքերը շատ են, կրծողներն  անարգել մուտք են գործում բնակարան: Տղան մի քանի անգամ աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել է հիվանդանոց, աղջիկն էլ թոքաբորբով է հիվանդացել:

«Էս վիճակում ով էլ ապրի հիվանդություններ կունենա: Ֆինանս չկա, որ տունդ ռեմոնտ անես, գազ քաշես: Ինչ պատահի՝ վառում ենք, էլ չիչխանի ճյուղեր, էլ գարտոն, հին կոշիկներ, շորեր: Հնար չունենք, ձմռանը էս ձեւով ենք տունը տաքացնում»,- ընտանիքի դժվարին կենցաղն է ներկայացնում Մարիամը: Նրա ամուսինը` Արսեն Մնացկանյանը, 18 տարեկանում վթարի է ենթարկվել եւ 3-րդ կարգի հաշմանդամ է: Նա 13.000 դրամ թոշակ է ստանում, ընտանիքն ապրուստի այլ միջոց չունի:

«Քար պիտի կրծես, որ էրեխեքիդ պահես, ես էլ եմ վիրահատված, էնքան պարտք ունենք, որ ասելու չի: Մնում ա պարտքատերերի պատճառով կախ տանք մեզ կամ էլ գլուխներս առնենք փախչենք: Մի ղեկավարի էլ որ դիմում ես օգնության խնդրանքով, ասումա` ես հո քո պապան չեմ»,- ասում է ծնունդով իջեւանցի Մարիամ Օթարյանը: Ընտանիքն սկզբում բնակվել է մեկ սենյակում, հետո ծննդօգնության համար պետության տրամադրած գումարով գնել են նաեւ կողքի սենյակը, պատը քանդել, վերածել 2 սենյականոց բնակարանի: Քանդված պատից այն կողմ ծեփաթափ ու սեւացած առաստաղին է նայում օրորոցում պառկած մանկահասակ երեխաներից մեկը: