17:40 , 22 հունվար, 2014
Այս պահին Ուկրաինայի մայրաքաղաքում ընթանում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության առաջնորդների հանդիպումը։ Այն նույնիսկ ուշացած կարելի է համարել. տեղեկացվում է, որ իրավապահների ու ցուցարարների բախման հետևանքով՝ զոհվել է չորս քաղաքացի, այդ թվում՝ ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանը։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին ներուկրաինական հակամարտության կարգավորման իր ռեցեպտն ունի. նա առաջարկում է Ուկրաինան բաժանել երկու մասի՝ պայմանականորեն արևմտյան ու ռուսական մասերի։
Բարեբախտաբար, Ժիրինովսկու այս տեսակետը պոպուլյար չէ ո՛չ Ուկրաինայի քաղաքական վերնախավի, և ո՛չ էլ՝ այս հակամարտության անուղղակի մասնակիցների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության համար։
Սակայն, եթե լարվածությունը քաղաքական հանգուցալուծում չունենա, Ժիրինովսկու սցենարը կարող է իրականություն դառնալ։ Առնվազն իրական կդառնա քաղաքացիական պատերազմի վտանգը։
Յանուկովիչի թիմում կան մարդիկ, ովքեր առաջարկում են խնդրի ուժային լուծում։ Դա իրատեսական չէ ու ավելի է խորացնելու ճգնաժամը։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ընդդիմությունն անկարող է մեկ հարվածով վերցնել իշխանությունը։
Ըստ այդմ՝ անհրաժեշտ են փոխզիջումներ։ Իմ պատկերացմամբ՝ անհրաժեշտ է.
-չեղյալ հայտարարել Ուկրաինայի խորհրդարանի այն օրինագծերը, որոնք սահմանափակում են քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, ազատ արձակել մարդկանց, ովքեր կալանավորվել են վերջին իրադարձությունների ժամանակ,
-ազատ արձակել Ազարովի կառավարությունը՝ նրան պատասխանատու համարելով եվրաինտեգրացիայի գործընթացի ձախողման, առկա ճգնաժամի համար,
-հրապարակավ հայտարարել, որ Ուկրաինայի արտաքին կողոնորոշման հարցն որոշվելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով,
-ստեղծել քաղաքական ու իրավական մեխանիզմներ՝ հանրաքվեի, նախագահական ու խորհրդարանական առաջիկա ընտրությունների օրինականությունն ապահովելու համար։


