12:20 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանն անթաքույց ագրեսիվ քաղաքականություն է վարում: Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք զորավարժությունը գործի մեջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը ստուգելու հետ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Մադրիդյան սկզբունքները, որոնցում նշված է, որ հայկական կողմը պետք է դուրս գա «գրավյալ» տարածքներից, միայն խթանում են Ադրբեջանի ագրեսիան: Սակայն այդ փաթեթում ճշմարտության լումա իսկ չկա: Ստի և թողտվության հիման վրա ստեղծված թեզերն էլ հանգեցնում են Ադրբեջանի նմանօրինակ վարքի»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դրական կողմը երկու կողմերի՝ թեկուզ անարդյունք հանդիպումներն են, որոնք կանխում են լայնածավալ պատերազմը:
«Երբ Ադրբեջանը համոզված լինի, որ պատերազմը տանուլ չի տա, անպայման կսկսի այն: Մենք ունենք մի իրավիճակ, երբ պետք է ավելի ուժեղ լինենք, և այս անգամ էլ ուժեղ ենք գտնվել: Ես խոնարհվում եմ այդ տղայի, նրա ծնողների առջև»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ գրականագետ Վարդան Դևրիկյանն իր հերթին նկատեց, որ յուրաքանչյուր զորակոչի ընթացքում Ադրբեջանը աշխատում է խուճապ ստեղծել հայկական բանակում:
«Եթե օրերս կատարված դիվերսիոն հարձակման ժամանակ ադրբեջանցիները կարողանային զանգվածային կոտորած կազմակերպել կամ դիրքերի առաջխաղացում ունենալ, ապա առաջիկայում կայանալիք՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ այդ երկիրը հանդես կգար ուժի պարտադրման դիրքերից: Իսկ աշխարհը միշտ էլ ուժեղին է պաշտպանում:
Միաժամանակ կարծում եմ, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը ուղիղ կապ ուներ նաև Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հետ»,- նկատեց նա:
Վարդան Դևրիկյանի խոսքով՝ պետք է խոնարհվել ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ կրակն իր վրա վերցրած հերոս զինծառայողի առջև:
«Ասում են՝ կյանքի իրական կերպարները սերիալներում են, սակայն ես ասում եմ, որ իրական կերպարը հենց այս տղան է՝ իր սխրանքով»,- նշեց գրականագետը: