Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ)


10:06 , 22 հունվար, 2014

Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Երևանի բնակիչ 22-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի պատանեկության մի փոքր հատված անցել է հայկական բանակում, որտեղ ստացած ծեծի հետևանքով այժմ երիտասարդությունն անցկացնում է հոգեբուժարանում: Աբրահամը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածին չի դիմացել հոր սիրտը և մահացել է: Միակ հարազատը նրա 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը: 

Եղբայրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Աբրահամը ծառայել է Արարատի զորամասում և ծառայության ընթացքում հրամանատարների (նշում է Կարո Հովհաննիսյան անունը) կողմից դաժան ծեծի է ենթարկվել: «Ծառայության ժամանակ աֆիցերին խնդրել ա, թե սապոկս սեղմում ա, եթե հնարավոր ա մեծ համարի սապոկ տվեք: Ասել ա տղա ջան կգնաս, կկանգնես КПП-ի դռների մոտ, մինչև կգանք էդ հարցը կլուծենք: Պատմելա, թե իմ համար կանգնած էի, էկավ էդ աֆիցերը, հարցրել ա` որ ոտն ա սղմում, ցույց ա տվել ցավացնող ոտը, սա էլ քացով ուժեղ տվելա ոտին: Դրանից հետո ասում ա մեջը վախ ա առաջացել ու ճնշվածություն ու ասում էր, որ չի կարողացել ծառայել. Իրանց ասածները չի կարողացել անել, դրա համար ծեծում էին, ասում ա մի անգամ քցել էին գետնին տարբեր կողմերից գլխին են խփել», -պատմում էր խելագարված զինծառայողի եղբայրը:

Նրա խոսքով` եղբորը որոշ ժամանակ հետո տեղափոխել են Կանազի զինվորական հոսպիտալ առանց հարազատներին տեղյակ պահելու: 

«Մենք իմացել ենք, որ ինքը Կանազում ա վեցերորդ օրը: Գնացի, տենամ ինչ` աչքերը արյուն լցված, հազիվ էր քայլում, ոչ էլ նորմալ կարում էր խոսար», -շարունակեց նա:

Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Ռազմական բժշկական հանձնաժողովի որոշումը, որտեղ նշվում էր եղբոր` Աբրահամի ախտորոշումը. «Սուր պարանոիդ փսիխոզ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ»: Այնուհետև նշվում էր, որ ՊՆ 2006 թվականի մարտի 30-ի որոշման 5-րդ հոդվածի համաձայն, Աբրահամ Հովհաննիսյանը պիտանի չէ ծառայության: Ինչ վերաբերում է հիվանդության պատճառներին, ապա` «այն ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում»:

Եղբայրըր պատմեց նաև, որ Աբրահամը ամեն ամիս 24 օր մնում է հոգեբուժարանում, բուժումներ ստանում, հետո տեղափոխվում տուն ու երկու-երեք օր դեղերի ազդեցության տակ իրեն հանգիստ պահում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ