Զարգանալով՝ հարգել ՀԵՐՈՍԻ հիշատակը


10:16 , 22 հունվար, 2014

Սերժանտ Արմեն Հովհաննիսյանի, ինչպես նաև շատ այլ մեր հերոս զինծառայողների զոհվելը շփման գծում պարտվորեցնում է մեզ ոչ միայն փառաբանել նրանց, այլև ապրել ու արարել մեր երկրում: Արարել, ոչ թե բողոքել կյանքից, զգալ մեզ պաշարված ամրոցում և ելքը տեսնել այդ ամրոցից վայրկյան առաջ հեռանալու մեջ: 

Մեծից փոքրը պետք է լծվի Հայաստանը առաջ տանելու, առաջ մղելու, զարգացնելու գործին՝ զերծ քաղաքական մանր-մունր խաղերից: Սա է գերխնդիրը, ոչ թե քաղաքական «աչոկներ» հավաքելը, մարդկանց մոլորության մեջ գցելը և հուռահայրենասիրական ճառեր ասելը: Զարգացնել Հայաստանը այն աստիճանի, որպեսզի հակառակորդի մտքով անգամ չանցնի դիվերսիա իրականացնել: Սա կլինի, թերևս, մեր զոհված ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակը հարգելու և վառ պահելու ամենալավ ձևը: 

Ուստի փախնել չկա, արտագաղթել չկա, պետք է բուժել մեր երկրի վերքերը՝ մեկ-մեկ անգամ կիրառելով վիրահատական մոտեցում, այլ ոչ բողոքել և թողել-թռնել ռուսաստաններ և եվրոպաներ: Դրա համար չեն զոհվում մեր հերոսները, որ մենք թռնենք թիկունքից, այն ամրապնդելու փոխարեն: