02:24 , 22 հունվար, 2014
Այսօր Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում՝ 39 պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ, մեկնարկում է «Ժնև-2» անունը կրող գագաթաժողովը, որը կոչված է լուծումներ գտնել սիրիական հակամարտության կարգավորման համար։
Վաղվա նշանակալից իրադարձությունն է եղել ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահների՝ քիչ առաջ տեղի ոնեցած հեռախոսազրույցի առանցքային թեման։
Չնայած սպասումներին՝ համաժողովից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։
Սիրիական ընդդիմության հիմնական կորիզը միայն վերջին պահին համաձայնեց մասնակցել հանդիպմանը։
Իրանի մասնակցության թեման իսկական դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սկզբում հրավեր ուղարկեց Թեհրանին, հետո այն չեղարկեց՝ Արևմուտքի՝ հատկապես ԱՄՆ-ի ճնշման տակ։
Այս փաստն արդեն արժանացել է Ռուսաստանի ու հենց Իրանի քննադատությանը։
Տարբեր են նաև մասնակիցների պատկերացուները կարգավորում կոչվածի վերաբերյալ։
Եթե սիրիական ընդդիմությունն ու արևմտյան երկրները Ժնևում մտադիր են հասնել նախագահ Ասադի հեռացմանն ու անցումային կառավարության ձևավորմանն, ապա Բաշարը մտադրություն է հայտնել՝ մասնակցել նախագահական առաջիկա ընտրություններին։ Կրեմլն ակնհայտորեն լոյալ է վերաբերում Սիրիայի ղեկավարի մտադրություններին։
Մի խոսքով, կոմպրոմիսի հնարավորությունները սահմանափակ են, ինչը իրական չի դարձնում քաղաքացիական պատերազմի դադարեցումը։
Ի դեպ, միանգամայն իրավացի եմ համարում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն տարակուսանքը, որ մասնակից երկրների շարքում չկա Հայաստանն, որն ուղղակիորեն կրում է այդ հակամարտության հետևանքները՝ թե՛ Սիրիան լքող հայերին ապաստան տալու, և թե՛ սիրիահայ համայնքի անվտանգության առումով։
Սա համարենք մեր դիվանագիտության լուրջ բացթողումը…