8 անքուն գիշեր


14:35 , 21 հունվար, 2014

մաս ութ

Այս գիշեր ես մեռա...
Չգիտեմ արդյո՞ք եկար այցի..
Երիցուկներ նվիրեցի՞ր ինձ...
Ինչպես խոստացել էի (ինքս ինձ), թե երիցուկներ պիտի բերես..

***

Գիշեր է, գուցե արդեն լուսադեմ, չգիտեմ.
Երակներիս կապույտը կանաչել է, այրունս՝ քամվել, մարմինս փշաքաղվելու աստիճան փտել է ...
Մատներս տասն են, քոնի պես, սակայն ոչ քոնի նման տա՜ք .. 
Մարդիկ շփոթված են, խառնված.. դես ու դեն են վազում ու կարծես ինչ-որ տոնախմբություն է լինելու ... Այսօր ի՞նչ օր է .
Հինգը, տասը, տասներեքը .. նոյեմբեր, դեկտեմբեր.. ախ հունվար ...
Ոչ քո և ոչ էլ իմ ծննդյան օրն է.

Սենյակիս պատերի գույնը բա՜ց վարդագույն է.. սակայն տեղ-տեղ սպիտակ ծածկոցներ կան .. ամեն ինչ սպիտա՜կ սառնությամբ ծածկվել ու մաքրություն է սփրում .. ես նույնպես սպիտակ եմ հագել ..
Գուցե հարսանիքի ենք պատրաստվում..

Օդը շուրջ բոլոր «մոխրագույնասևավոր» երանգներով է լցված, ասում են, թե ցավն այդպիսի գույն ունի .. 
Մարդկանց աչքերը դեղնել են, կանանց բարակ ու նուրբ մատների փոսիկները լցվել ջրհեղեղով .. արցունքոտվել են և նրանց եղունգի ծայրերը..
Տղամարդիկ տխուր չեն .. Ամեն դեպքում փորձում են այդպես երևալ..
Շքեղ սրահում քայլում են մտերիմներս թևանցուկ արած, իրար գրկած, տեղ-տեղ համբուրում են միմյանց ճակատները, կարծես սիրով են լցվել .. 
Մոմերի լույսի տակ շքեղ ռոմանտիկ ընթրիքի նմանվող ինչ-որ տոնախմբություն է լինելու.. երևի ..
Լուսամուտները մթնած են՝ չնայած պայծառ լույսին.. Դեղին աչքերով մարդիկ լուռ են, սակայն ժամանակ առ ժամանակ լսվում է լացի պես մի բան, երևի անսպառ ծիծաղից է լացի նմանվում ..

Ոտնաձայներդ նմանեցնում եմ քարացած մարդկանց հևոցներին, թե ինչո՞ւ են շնչակտուր լինում, չգիտեմ... գլուխս բարձրացնում եմ վեր, սփրթնած շուրթերս փորձում են ժպտալ, կարմրած աչքերս լճանում են .. 
Երիցուկներով՝ ինչ-որ մեկը մոտենում է.. 
Երիցուկները դնում ձեռքերիս մեջ .. համբուրում գունատ ճակատս.. մի քանի կաթիլ արցունք լցնում շուրթերիս.. բղավում եմ՝ չի լսում .. 
Գրկում եմ երիցուկներս, սեղմում կրծքիս.. 
Աչքերիս կարմրությունը կամաց-կամաց անգունանում է ... 

Բոլորը սկսում են ողբալ ..