Մի երգի պատմություն. գնդապետ Մազմանովի հիշատակին


11:38 , 21 հունվար, 2014

 

Գնդապետ Մազմանյան
1920թ. Կարսում ինքնասպան է լինում, երբ զինվորները մերժում են կռվելու իր հրահանգը: Թող այլևս նման բան չլինի մեր զինված ուժերում:
Հ.Գ.
Կարսի հանձնումը չհանդուրժած գնդապետն իր ինքնասպանության վճիռը կայացնելու պահին ընդամենը 28 կամ 30 տարեկան է եղել: Նրա հերոսական կերպարը այսօր էլ ոգեշնչման աղբյուր է սերունդների համար:
ԳՆԴԱՊԵՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՒՄ
Ժողովուրդների պատմության մեջ, հատկապես ողբերգական պահերին, լինում են անհատներ, որոնց կյանքն ու վախճանը արժանանում է հատուկ ուշադրության ժողովրդական երգարվեստի անանուն հեղինակների կողմից: Այդպիսիններից է Հայաստանի առաջին հանրապետության բանակի գնդապետ Հովհաննես Մազմանյանը:
Նրա մահը` ինքնասպանությունը, խորապես ցնցել է հայ հասարակության լայն շրջաններին և հիմք հանդիսացել ժողովրդական երգերի ստեղծման համար, որ հայտնի են «Մազմանովի երգը» անվամբ: Այն պահպանվել է ժողովրդի հիշողության մեջ մինչև անցյալ դարի 70-ական թվականները (վերջին տարբերակը գրի ենք առել 1977թ.):
«Մազմանովի երգի» պատմական հենքը 1920թ. աշնանը թուրքական արշավանքի հետևանքով ծավալված ռազմական գործողություններն են Հայաստանի առաջին հանրապետության տարածքում, մասնավորապես Կարսի մարզում: Դրանց ակտիվ մասնակցություն է ունեցել գնդապետ Հ. Մազմանյանի հրամանատարության ներքո գործող առաջին գունդը, որ մարտերում աչքի է ընկել իր համարձակ ու հանդուգն հաղթանակներով:
«Մազմանովի երգի» իրական-պատմական ու բանահյուսական-վիպական հենքը, ինչպես վերը նշվեց, նրա ինքնասպանությունն է, որը տեղի է ունեցել 1920թ. հոկտեմբերի 29-ի, լույս 30-ի գիշերը` Կարսի հանձնման նախօրյակին: «Կարսի անկումը ամեն տեսակետե սարսափելի աղետ եղավ: Իսկապես, այդ օրեն սկսած Հայաստանի անկախության օրերը հաշված էին»,– գրում է Ա. Խատիսյանը:
Տվյալ շարադրանքի նպատակից դուրս է Կարսի անկման պատճառների վերլուծությունն ու գնահատանքը, նշենք, մեր կարծիքով, ամենագլխավորը: Թշնամի հարևաններով շրջապատված, չորս ռազմաճակատներում մարտական գործողություններ վարող Հայաստանը արյունաքամ, հյուծված, ջարդերից, կոտորածներից ջլատված, տարածքների մեծ մասը կորցրած կարող էր դիմադրել ևս մի կարճ ժամանակամիջոց, բայց պաշտպանվել ու մանավանդ հաղթել ի զորու չէր: Ս. Վրացյանը, վկայակոչելով զինվորական նախարար Ռ. Տեր-Մինասյանի տեղեկագիրը, գրում է. «Հայաստանը ունի չորս ճակատ, բոլորն էլ պատերազմական վիճակում` Կարս-Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան-Ղազախի» և դա իրողություն էր: Բանակի պաշտպանունակության վրա որոշակի քայքայիչ, կազմալուծող դեր էր խաղում բոլշևիկյան քարոզչությունը, որը հատկապես ուժեղ էր Կարսի զորամասերում, և որը դասալքության հիմնական պատճառն էր:
…Դառնանք Կարսի բերդին և այն հանգամանքներին, որ մղեցին գնդապետ Մազմանյանին և մյուս երկու սպաներին` Չիլինգարյանին ու Բագրատունուն, որոնք, ի նշան բողոքի Կարսը հանձնելու որոշման, ինքնասպան եղան: 
1920թ. Սեպտեմբերի 30-ին Հայաստանի կառավարության նիստում Կարսի պաշտպանության խնդրի քննարկման ժամանակ զինվորականները գտնում են, որ Կարսը երկու ամիս կարող է պաշտպանվել: Սակայն կառավարությունը կանխազգալով վտանգի մեծությունը իր ներկայացուցիչներն է ուղարկում ռազմաճակատի տարբեր հատվածներ: Կարս են գործուղվում գյուղնախարար Ս. Վրացյանն ու առողջապահության նախարար Ա. Բաբալյանը:
Կարս քաղաքի, բերդի` թշնամու հարձակումներին երկու ամիս դիմանալը զուրկ չէր հիմնավորումից: Բերդն ուներ հրանոթներով պաշտպանված տասը ամրոց, և համարվում էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հենակետ: Կարսում էին հայ նշանավոր զորավարներ Մ. Սիլիկյանը (զորախմբի հրամանատար), Դանիել բեկ Փիրումյանը (բերդապետ) և այլք:
Հոկտեմբերի վերջին թշնամին արդեն Կարսը պաշարել էր: 29-ի երեկոյան ռազմական խորհուրդը որոշում է ընդունում Կարսը հանձնել թշնամուն առանց դիմադրության: Որոշումը, սակայն, բոլորի կողմից միանշանակ չի ընդունվում:
Ըստ հոկտեմբերի 29-ի խորհրդակցության մի այլ վարկածի համաձայն` պետք է տեղի ունենար զորաշարժ, հոկտեմբերի 30-ին Մազմանյանի գունդը պետք է անցներ հակահարձակման, որը տեղի չունեցավ: Այս իրադրության պայմաններում գնդապետը ինքնասպան եղավ:
Հոկտեմբերի 30-ին քաղաքն ու բերդը անձնատուր եղան: Ամենացավալին ու ողբերգականն այն էր, որ առանց կրակոցի: Գաղափար կազմելու համար նշենք աղետի չափը. զոհ գնացին 6000 հայեր, գերի մնացին զորավորներ Դ. Փիրումյանը, Խ. Արարատյանը, նախարար Ա. Բաբալյանը: Հավելենք, որ 3000 գերիներից տուն վերադարձան միայն 600-ը: Պաշտոնական տվյալներով «Կարսի գրավման ժամանակ ու հաջորդող շաբաթներին, մինչև Կարսի մարզի ամբողջական հայաթափումը, 1921թ. թուրքերը քաղաքում կոտորել են 8000, մարզում` 12000 հայ` հիմնականում տղամարդ»: Ահա այս իրադրության մեջ, հոգեբանական-բարոյական ծայրահեղ լարված մթնոլորտում ծնունդ են առնում Մազմանյանի ինքնասպանության վերաբերյալ ժողովրդական երգեր, որոնք վիպական-բանահյուսական հայացքով մեկնաբանում, իմաստավորում, գնահատում են կատարվածը, մի գնահատական, որը համընկնում է իրական-պատմականին:
Մազմանյանի ինքնասպանության փաստը զանազան աղբյուրներում ներկայացվում է տարբեր մանրամասնություններով: Ըստ Արտաշես Ալեքսանդրյանի` գնդապետը, դժգոհ Կարսի հանձնման վերաբերյալ ռազմական խորհրդի որոշումից, դուրս է գալիս խորհրդակցությունից, գնում դեպի իր գունդը` քնած քաղաքի փողոցներով բարձրաձայն գոչելով. «Ո՞ւմ է Կարսը կուտաք»: Տեղ է հասնում և գնդին հրամայում անցնել թշնամու թիկունքը, սակայն զինվորների մի մասն արդեն չկար, դասալիք էին եղել, մնացածները նրա հրամանին չեն ենթարկվում, և գնդապետն ատրճանակով վերջ է դնում իր կյանքին: Վկայում են, որ հոգին ավանդում է «ա՜խ մայրիկ», «ա՜խ Հայաստան» բառերը շուրթերին:
Մեր ձեռքի տակ եղած ժողովրդական երգի տարբերակները ճշմարտացի, պատմական փաստին հարիր արտահայտություններով են ներկայացնում գնդապետի ինքնասպանության պատճառը.
Մազմանովը լսեց Ղարսի վտանգը,
Տեսավ կքայքայվի ամբողջ բանակը,
Իր կողքից քաշելով ատրճանակը,
Իզուր զոհ տվեց իր քաղցր կյանքը:
Իրական փաստ է, որ գնդապետի դիակը բերում են Կարսի կայարան` Ալեքսանդրապոլ` տեղափոխելու նպատակով, իսկ թե ինչ կատարվեց, երգը շատ հակիրճ հուզական, շեշտակիր բառերով ներկայացնում է.
Մազմանովի դիակը բերին ըստանցին, Էտ անիրավ հայեր թողին գնացին:
Երգը դատապարտում է հայերին, պարսավում, որ Մազմանովի դիակը չկարողացան տեղափոխել.
Դուք, անիրավ հայեր, բոլորդ կոտորվեք,
Մազմանովի դիակը գերի մի թողեք:
Հայտնի է, որ երբ գնդապետի դին բերում են Կարսի կայարանը, խուճապահար զինվորներն ու բնակիչները փախչում են` դագաղը թողնելով կայարանում.
Մարզըպանով բերին, Դրին ըստանցին,
Բոլոր եղբայրները,
Թորգին գնացին:
Կա նաև հետևյալ վկայությունը. «Վերջին վագոնից հանել էին Մազմանովի դագաղը, պլատֆորմի վրա դրել, բաց արել կափարիչը ու դիակը ծաղր ու ծանակի ենթարկել»: Այդ կապակցությամբ բացատրության կարիք ունեն հետևյալ տողերը. «… դժբախտ Մազմանյանի դիակին վիճակված էր հասնիլ Կարսի կայարանը, բայց ոչ ավելի հեռուն, ու հոն մնար` հոշոտվելու գազազած թշնամիեն»:
Ժողովրդական երգի հետևյալ տողերը բացում են փակագիծը. «հոշոտվել» թուրքավարի` անշունչ մարմնից վրեժ լուծել անցյալի անպատիվ պարտությունների համար.
Մազմանովի օտքերը մխով նալեցին,
Մազմանովի դիագ տարան թաղեցին:
Ժողովրդական երգը Մազմանովի ինքնասպանության փաստը գնահատում, պարսավում և անարգանքի սյունին է գամում Կարսի կորստի, թշնամուն հանձնման համար, իբրև ազգային արժանապատվության ոտնահարման, ստորացման համաձույլ իրողություն:
Մի այլ տարբերակում Մազմանովը փոխարինվում է համարժեք Ղարս բառով.
Ով հայեր, հայեր,
Անաստված հայեր,
Բոլորդ կոտորվեցեք,
Ղարսը թուրքին մի հանձնեք:
Երգը հորինվել է հայ վիպական բանահյուսությանը բնորոշ հակամարտության բացահայտմամբ: Դրա ամենավաղ գրառված տարբերակում օգտագործված է վիպական երգերին բնորոշ երկխոսությունը, հոխորտանքը, մեկը մյուսին սպառնալիքներ ուղղելը, վախեցնելը: Ըստ երգի` թշնամի Սալիմ փաշան սպառնում է հայերին.
Սալիմ փաշան գրեց
Այսպես հրաման`
Կանցնեմ Երևան,
Կկոտորիմ հայեր:
Հայ զորավարը նույնպես պատասխանում է հոխորտանքով.
Գերակալ Հովսեփով
Ըսավ Սելիմ փաշին`
Արզըրում կդարդըգիս
Մինչև կես ավուր ճաշին:
Երգում տեղ են գտել վիպական երգերին բնորոշ մակդիրներ, պարսավանքի բառեր արտահայտող, բանաձևային բանահյուսությանը բնորոշ արտահայտություններ (անիրավ, կոտորվեք, անաստված):
Տարբերակները պահպանել են աշխարհագրական միջավայրը ներկայացնող մի շարք տեղանուններ` Ղարս, Արզըրում, Զարիշատ, Օլթի, պատմական-իրական հայ և թուրք զինվորականների անուններ` Սալիմ փաշա, Քյազըմ բեգ, Արտաշ, Մարզըպանով:
Բոլոր հուշագիրները, Կարսի անկման պատճառները քննողները վկայում են, որ գնդապետ Մազմանյանը քաջ ու խիզախ, հայրենասեր զինվորական էր, ուներ նաև թերություններ, ժողովրդական երգը, սակայն, նրան գնահատում է իբրև պատվասեր, ազգային արժանապատվության բարձր գիտակցությամբ օժտված հրամանատարի:
Վկայում են, որ նրա մասին երգել են տակավին նրա կենդանության ժամանակ:
Մազմանյանին նվիրված ժողովրդական երգերն իրենց զորեղ արձագանքն են գտել նաև անհատ բանաստեղծների ստեղծագործություններում:
Գնդապետի հերոսական վախճանից հետո հորինված երգերից մի նմուշ բերում է Վ. Արծրունին. «Մազմանյանի մահեն անմիջապես հետո երգվեցավ շատ պարզ, անպաճույճ և գեղարվեստե գրեթե զուրկ, բայց կենդանապատկեր երգ մը, որու հետևյալ մասը` առանց վերապահության և սեթևեթի, կը նկարագրե հայկական ռազմաճակատի դառն իրականությունը:
Նրանք եկան, խառնվեցան մեր անառիկ դիրքերի տակ,
Ոռնում էին դիրքերն ի վեր զերդ` գայլերի սոված ոհմակ:
Գնդապետը մեր քաջարի նշան տվեց վերջին կռվի.
Ինչպես մի հոտ հեզ ոչխարի մերինները կարկամեցին:
Սովալլուկ գայլերի պես նրանք սողում էին դեպի մեզ,
Գնդապետը երեք անգամ աղաղակեց կռվի նշան,
Երեք անգամ «հառա՜ջ» ձայնեց ու սլացավ սուսերամերկ,
Երեք անգամ դիրքերն ի վեր նա պաղատեց կռվի հրավեր...
Մերոնք, ասես, շշմած էին ինչպես հոտը հեզ ոչխարի,
Չկռվեցին, չբոռացին հրացանները հազարլեզու,
Չխոսեցին գնդացիրներ` հրակոկորդ հռետորներ.
Մինչ գազազած գայլերի պես նրանք սողում էին դեպ մեզ,
Մերինները կորասվին, բյուրակռնակ խուճապեցին:
Երբ որ խուճապը նա տեսավ ոչխարախուռն իր զորքերի,
Երբ ամոթը սև ամպի պես նստեց նրա ճակտի վրա,
Իր դիակը սվինամերձ թշնամիի առաջ փռվեց...
Իսկ զինվորները դասալիք, մեր զինվորները խուճապող
Հավաքեցին միջնաբերդում իրենց վախը ամոթալի,
Խռնվեցին իրարու մոտ զերդ գայլ տեսած ոչխարի հոտ,
Լյարդերի պես իրենց ճերմակ բարձրացացին մի դրոշակ...
Այս պատմությունն ամոթակեզ սրտերից սիրտ է գալարում,
Եվ ամոթը բյուրակնճիռ ճակատներն է մռայլում»:
Երգի բերված հատվածը պատկանում է երիտասարդ բանաստեղծ Ն. Զարյանի գրչին: Հավանաբար այն գրել է դեպքերի անմիջական ազդեցության ներքո:
Կարսի անկումը և Մազմանյանի ինքնասպանության փաստը ծնունդ է տվել մեկ այլ բանաստեղծության, որի լոկ ընթերցումը սոսկումի, մահասարսուռ տրամադրությամբ է համակում: Նշենք, որ այս ստեղծագործության կենտրոնում մահը հաղթած հերոսն է, որի ստվերը շղթայված է Կարսի բերդին և հայտնի չէ, առասպելական շղթայված Արտավազդի նման` «Ինչի՞ հույսով, թե մինչև ե՞րբ, ոչ ոք գիտե…»:
Ստորև ներկայացված են Մազմանյանին նվիրված Լ. Թոփչյանի և Ն. Զարյանի
ստեղծագործությունները:

ԿԱՐՍԻ ԲԵՐԴԸ
Գնդապետ Մազմանյանի նվիրական հիշատակին
Կարսի լքված ու ամայի բերդին մեջ հին,
Երբոր կ’ոռնա հովը վայրի գիշերներուն,
Ընդերքներեն անոր խավար ամրոցներուն,
Դղրդյուններ ու աղմուկներ խուլ կը լսվին…
Այդ ուշ ժամուն ամայի բերդը կ’արթննա,
Ջահ մը հանկարծ կը դողդողա միջնաբերդեն:
Ու կ’ըսեն թե կը հայտնվի հոն տարորեն
Ըստվեր մը, որ դեռ կը հսկե անոր վըրա…
Բուերն անգամ, բորենիներն իսկ մահաբույր,
Վայակաղկանձ, երբ հայտնվի ան, կանհետին,
Ու կը մնան ուշ գիշերին տերը բերդին
Խավարը խոր, հովը վայրի ու ստվերը լուռ…
* * *
Առասպե՞լ է կամ թե զրու՞յց, ոչ ոք գիտե:
Կ’ըսեն թե` Ան հերոս մըն է` մահը հաղթած,
Բայց իր ստվերն է այս բերդին մեջ շղթայված,
Ինչի՞ հույսով, թե մինչև ե՞րբ ոչ ոք գիտե…
«Հայրենիք» (Բոստոն), 1956, ապրիլ, էջ 41:
20 Նույն տեղում:
Գնդապետ Մազմանյանը ժողովրդական երգերում
ԳՆԴԱՊԵՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ
(Կարսի անկման առթիվ)
Այս պատմությունը ամոթակեզ բերնե բերան է գալարվում,
Եվ ինչպես օձ բյուրաժանիք հոգիներն է մեր խայթում:
* * *
Նրանք եկան, խռնվեցան մեր անառիկ դիրքերի տակ,
Ոռնում էին դիրքերն ի վեր զերդ գայլերի սոված ոհմակ,
Գնդապետը մեր քաջարի նշան տվեց վերջին կռվի,
Ինչպես մի հոտ հեզ ոչխարի մերինները կարկամեցին:
Սովալլուկ գայլերի պես նրանք սողում էին դեպ մեզ.
Գնդապետը երեք անգամ աղաղակեց կռվի նշան,
Երեք անգամ «հառա՜ջ» ձայնեց ու սլացավ սուսերամերկ,
Երեք անգամ դիրքերն ի վեր նա պաղատեց կռվի հրավեր...
Մերոնք, ասես, շշմած էին ինչպես հոտը հեզ ոչխարի,-
Չկըռվեցին, չգոռացին հրացանները հազար-լեզու,
Չխոսեցին գնդացիրներ-հըրակոտոր հըռետորներ.
Մինչ գազազած գայլերի պես նրանք սողում էին դեպ մեզ,
Մերիները կորասըվին, բյուրակըռնակ խուճապեցին:
Երբ որ խուճապը նա տեսավ ոչխարախուռն իր զորքերի,
Երբ ամոթը սև ամպի պես նստեց նրա ճակտի վրա,–
Իր դիակը սըվինամերձ թշնամիի առջև փռեց...
Իսկ զինվորները դասալիք, մեր զինվորները խուճապող
Հավաքեցին միջնաբերդում իրենց վախը ամոթալի,
Խռնըվեցին իրարու մոտ զերդ գայլ տեսած ոչխարի հոտ,
Լյարդերի պես իրենց ճերմակ բարձրացուցին մի դրոշակ...
Այս պատմությունն ամոթակեզ սրտերից սիրտ է գալարվում,
Եվ ամոթը բյուրակընճիռ ճակատներն է մռայլում:
Այս պատմությունն է գալարվում մայթերի վրա, դահլիճներում,
Պատմըվում է հազար լեզու, չարագուշակ ինչպես բուհու,
Գիշերվում է և իմ հոգում առկայծում է դեմքը նըրա –
Սուսերամերկ, հերոսատիպ, հերոսամահ գնդապետի:
Մերկացած սուրը նրա փայլատակում է իմ հոգում
Եվ ամոթի մութը սառցե շանթի նման ակոսում է:
Դեռ իմ հոգում վարանել են մերինները սվինահակ,
Դեռ իմ հոգում որոտում է նրա ձայնը ռազմահրավեր.
Դեռ իմ հոգում հազար-կռնակ խուճապում է հոտը նրանց.
Դեռ իմ հոգում նա կանչում է, աղաչում է դիրքերն ի վեր:
Նախատիքը հազար լեզու ու կշտամբանքը բյուրաչափ
Հակված գլուխը Մասիսի նա տեսնում է դեռ իմ հոգում:
Նա տեսնում է Եվրոպայի արհամարհանքը սառույցե,
Հայրենիքը խաչված կարապ ու բյուր հույսեր սին ու պարապ,
Հրդեհ, ավեր ու կոտորած, սով, հեծեծանք, համատարած
Մեկ վայրկյանում հազար անգամ նա տեսնում է դեռ իմ հոգում...
* * *
Նըրա աչքերն են այրըվում աղերսական, ազնվաբով,
Նըրա ճակատն է մթագնում սև ամոթից դեռ իմ հոգում,
Դեռ շանթի պես աստվածամերկ նրա սուրն է փայլատակում,
Դեռ իմ հոգում կարկաչում է սուրբ վտակը նրա կրծքից...
Նըրա մահը վառվում է դեռ հերոսության զերթ սուրբ պատկեր,
Դեռ իմ հոգում նա մեռնում է, կարկաչում է ու ճառագում:
Այս պատմությունն ամոթակեզ ամպանում է բյուր սրտերում,
Մթին ամպում շանթի նման նրա մահն է փայլատակում... 

COLONEL MAZMANYAN IN FOLK SONGS
ALVARD GHAZIYAN
S u m m a r y
By the October of 1920 the First Republic of Armenia had been suffering the last days of its history. In September
Turkey, coming to an agreement with Bolshevik Russia invaded the bounds of Armenia and at the end of October was
at the walls of Kars – important strategic fortress. The forces were incomparable. Armenia was already exhausted, as it
also fought a war with Soviet Azerbaijan and Menshevik Georgia. A decision on surrendering Kars was made, which
was not perceived ambiguously. To show their disagreement some officers of the army shot themselves, among them
the commander of the first regiment, devoted and brave colonel Mazmanyan (Mazmanov). It was impossible to
transport Mazmanyan’s body to Aleksandropol for burying, and the colonel’s corpse remained at Kars station and was
desecrated by Turkish soldiers. These tragic events gave rise to folk songs.
ПОЛКОВНИК МАЗМАНЯН В НАРОДНЫХ ПЕСНЯХ
АЛВАРД ГАЗИЯН
Р е з ю м е
К октябрю 1920 г. Первая Республика Армения переживала последние дни своей истории. В сентябре
Турция, сговорившись с большевистской Россией, вторглась в пределы Армении и в конце октября турец-
кие войска стояли у стен Карса – важной стратегической крепости. Силы были несравнимы– изнуренная
Армения вела также войну с советским Азербайджаном и меньшевистской Грузией. Было принято неод-
нозначное решение о сдаче Карса. В знак несогласия несколько офицеров застрелились, в том числе коман-
дир первого полка, известный своей храбростью и преданностью Родине, полковник Мазманян (Мазманов).
В те дни не было возможности перевезти тело Мазманяна для захоронения в Александрополе, гроб полков-
ника остался на станции Карс, затем был осквернен турецкими солдатами. Эти трагические события стали
темой для народных песен.
«Վեմ» (Փարիզ), 1936, թիվ 1, հունվար - փետրվար, էջ 117: