Ներկա հանրապետությունն Արևելյան Հայաստանով փոխարինելը շատ լուրջ է և ճիշտ


10:22 , 21 հունվար, 2014

Հայկական հարցի մասին նույնիսկ պատկերացնելը խիզախելու կարիք է զգում: Խղճուկ ոգին վհատվում է անգամ թեթև դժբախտության պատկերացումից, մինչդեռ հզորը գիտի՝ ինչպես իրեն պահի ամենածանր դեպքում. դա պայքարի դրսևորման սպասելի ժամանակն է: Ամեն ինչ կառուցվում է նախ երևակայության մեջ. կանխատեսությամբ օժտվածները ներկան ճանաչում են որպես անցյալում բախտորոշված: Շատերի համար կարևորագույն գործերն անտեսանալի են, իսկ ոմանք դյուրությամբ ազդում են դեպքերի զարգացման վրա, երբ կան կանխատեսումներ: Սովորաբար տգետներն անողոքաբար քարկոծում են հեռատեսներին, հատկապես, երբ մթնոլորտն անեղծ չէ: Ահա թե ինչու կեղծ մարգարեները ջանասիրաբար նախ երևակայությունը մթագնել են դժոխքի ստոր տեսարաններով կամ դրախտի սին պերճանքներով: Ոգեղենության համար դրանք երկուսն էլ նախազգուշացումներ են: Որտեղ վստահում են ստախոսությանը, այնտեղ զարգանում է շահամոլական բարեպաշտների և վախկոտների բազմությունը: Միտքը ֆիզիկական ներգործություն ունի դեպքերի զարգացման վրա, ուստի հայրենասերները պետք է հասկանան, թե ինչքան կարևոր է գիտակցության զարգացումը, և որքան անհրաժեշտ է դրա կատարելագործումը խելացի մարդկանց կողմից, որպեսզի միօրինակ պատկերացումները չդառնան վերջավոր աղբ, և անդունդ հրող պարտադրանք: Ներկա հանրապետությունն ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ անվանափոխելը շատ լուրջ է և ճիշտ, միայն քանի որ դա Աշոտյանն է ներկայացնում, կորցնում է իր լրջությունը: Հարցադրումը կանխավ վարկաբեկելու և դրա իրականացումը վիժեցնելու նպատակով է, որ այն մատուցվում է հենց նման մարդու կողմից, ճիշտ նույն կերպ նրանք վարկաբեկում են ՆԺԴԵՀԻՆ՝ իրենց ցեղակրոններ ներկայացնելով կամ Նժդեհի մասին քեշիշյանական ֆիլմ նկարահանելով: