Տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների հերթական դրսևորումն էր. Դավիթ Ջամալյան


21:47 , 20 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը հավատարիմ է մնում իր գործելաոճին՝ դիվանագիտական կարևոր իրադարձությունից առաջ դիմում է նախահարձակ ագրեսիվ գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում վերջին դիվերսիոն հարձակումն այսպես մեկնաբանեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը և ընդգծեց, որ դա վկայում է ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքի մասին:

«Դրանք կոչված են՝ ի ցույց դնելու Ադրբեջանի դիրքորոշումը՝ հակված չլինել հակամարտությունը կարգավորել խաղաղ բանացություններով, երկխոսության միջոցով: Տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների հերթական դրսևորումն էր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը՝ 23:50-ից 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ետ են շպրտել նրանց՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ: Հայկական կողմը տվել է մեկ զոհ:

Հարցին, թե նման դիվերսիոն հարձակումները կարո՞ղ են մի օր հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսկմանը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմն ունի մի որոշակի սահմանագիծ, որից այն կողմ չի անցնում իրականում, ինչպես ցույց է տվել փորձը:

«Այսինքն՝ ապակայունացման մի սահման կա, որից այնկողմ նրանք չեն անցնում. ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս նախահարձակ լինել և ապակայունացնող գործողությունների դիմել, բայց՝ միայն այդքանը, որովհետև գիտեն, որ Արցախի Պաշտպանության բանակը և Հայաստանի Զինված ուժերն այնքան մարտունակ են, որ ունակ կլինեն լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում արժանի հակահարված հասցնել և խաղաղություն պարտադրել թշնամուն: Այսինքն՝ ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ իր դեմ զսպող ուժ կա»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ