Մեկնարկել է Ռիբերիի ու Բենզեմայի գործով դատավարությունը


21:41 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մեկնարկել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործով դատավարությունը:

Ֆրանսիայի հավաքականի 2 ֆուտբոլիստները կասկածվում են 2009թ.-ին անչափահաս Զահա Դեհարի հետ սեռական հարաբերություններ ունենալու և նրան դրա դիմաց գումար վճարելու մեջ: Այս հանրաճանաչ ֆուտբոլիստները հերքում են իրենց ուղղված մեղադրանքները` նշելով, որ իրենք տեղյակ չեն եղել աղջկա` 16 տարեկան լինելու մասին: 

Հանցագործության համար առավելագույն ժամկետը 3 տարվա ազատազրկումն է: Ռիբերիի փաստաբան Կարլո Ալբերտո Բրուսան նշել է, որ վստահ է իր պաշտպանյալի անմեղության մեջ:

«Պարոն Ռիբերին հասուն անձնավորություն է, ով հիմա ծանր ժամանակներ է ապրում: Նա մտահոգված է, որ հայտնվել է արդարադատության ուշադրության կենտրոնում, բայց, միևնույն ժամանակ, հանգիստ է: Մենք առաջ ենք շարժվում վստահ և պատրաստվում ենք պայքարել»,- ասել է նա:

Սպասվում է, որ ինչպես Ռիբերին, այնպես էլ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի հետ կմեկնեն Բրազիլիա և կմասնակցեն ամռանը կայանալիք 2014թ. Աշխարհի առաջնությանը: